Սովորենք «օրորոցային» լեզուները. աշխարհի օրորոցային երգերի անիմացիոն հավաքածուն

Standard

e3c7_gsowtc0asz8sr14aepjxz2zir4zummlydvsjf4

«Աշխարհի օրորոցային երգերը» անիմացիոն ֆիլմերի այս հավաքածուն ներկայացնում է տարբեր ազգերի օրորոցային երգերը, որոնց միջոցով մայրերը դարեր շարունակ  կարողացել են իրենց երեխաների հանդեպ ունեցած սերն ու զգացմունքներն արտահայտել նրանց հասկանալի «օրորոցային» լեզվով: Հավաքածուի նպատակն է օրորացային երգի միջոցով ճանաչելի դարձնել ազգային կենցաղն ու մշակույթը: Սակայն դրանով անիմացիոն ֆիլների դերը չի սահմանափակվում: Օրորոցային երգի միջոցով նրբանկատ ծնողը  օգնում է մանկանը զգալ, որ իրեն սիրում են ու փայփայում են: 

Յուրաքանչյուր հոլովակում օրորոցայինը կատարվում է մայրենի լեզվով: Հավաքածուն ընդգրկում է նաև օրորոցային երգ հայերեն լեզվով՝ համալրված հայի կենցաղը ներկայացնող անիմացիոն պատկերներով: Երևում է այն սերն ու հոգատարությունը, որով հայ ծնողը վերաբերում է իր երեխային և ազգային հացին՝ լավաշին: Երգելուն զուգահեռ մայրը լավաշ է թխում և լավաշի մեջ փաթաթում այն ամենն ինչ արժեք է ներկայացնում: Այդ ընթացքում երեխան  քուն է ընկնում: 

 

Ի՞նչ կասեր Րաֆֆին իր «Կայծեր» վեպում մեր օրերի կրթության մասին

Standard

բյուր

Հիշու՞մ եք դպրոցական տարիները, երբ հայ դասական գրողների ստեղծագործությունները ուսումնական ծրագրի անբաժան մասն էին կազմում (և  մինչ օրս էլ կան): «Ամեն նոր լավ մոռացված հինն է» ասացվածքն առավել քան արդիական է. այն թույլ է տալիս նորովի գնահատել և վերաիմաստավորել անցյալից եկած գրական և մշակութային ժառանգությունը՝ կարևոր դասեր քաղելով մեր պատմությունիցԲլոգեր Բյուրակն Իշխանյանը, վերընթերցել է դպրոցական տարիներին շատերիս պարտադրված (չէ՞ որ վաղ տարիներին հնարավորություն չունեինք ինքնաբացահայտելու դասական գրականությունը) Րաֆֆու «Կայծեր» վեպը և յուրովի է մեկնաբանել այս  լայնածավալ ստեղծագործությունը: Ստորև մեջբերում ենք Բյուրակնի բլոգից քաղված (և փոքր-ինչ խմբագրված) մտորումները  վեպում շեշտադրվող կրթության գաղափարների շուրջ, որոնց միջոցով  նա համեմատականներ է տանում Րաֆֆու ժամանակաշրջանի և ներկայիս Հայաստանի կրթական իրողության և կարիքների մասին:

«Պարզաբանեմ, թե ինչու հանկարծ որոշեցի ժամանակին այնքան էլ դուրս չեկած 800 էջանոց այս երկհատորյակը վերընթերցել:  Աղոտ հիշում էի, որ վեպի հերոսներն արտասահմանում կրթություն էին ստացել, վերադարձել Հայաստան՝ փորձելով ինչ-որ բան փոխել: Ինձ հետաքրքիր էր՝ Րաֆֆին ոնց էր մոտենում էդ հարցին, ինչպես էր դասավորում իր հերոսների կյանքը, ինչի էին հասնում դրսում կրթություն ստացածները: [Խմբ.- Հեղինակը նույնպես կրթություն է ստացել արտերկրում և վերադարձել հայրենիք]

Իսկապես, կրթությունն ու ինքնակրթությունը վեպի կենտրոնական թեմաներն են: Րաֆֆին  հաճախ է շոշափվում «տերթոդիկյան» կրթական մոդելը ու թե որքան վատն է այն, որ նախատեսված է ժողովրդին ստրկացնելու համար, որ անիմաստ ու ոչ կիրառելի գիտելիք է լցնում մարդու ուղեղը: Միևնույն ժամանակ նա մշտապես շեշտադրում է կրթության կարևորությունը: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն  հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում,  հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից և նորմալ բնակարաններ կառուցում:

Այլ հերոսներից Ջալլադը, լինելով բողոքական, կարողանում է  հայությունից հրաժարված ժողովրդին նորից հայ դարձնել:  Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է,  և իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝  այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երևի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է  ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում:

Րաֆֆին կարևորում է նաև կանանց կրթությունը: Մի դրվագում խոսում է օրիորդաց դպրոցի մասին, սակայն կրոնավորները փակել են տալիս այն: Բայց մեկ այլ դրվագում արդեն Կարոյի ու Սագոյի աղջիկները դպրոց են գնում: Իսկ Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:

Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարևորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնանԳրքի ուրախ ավարտը հուշում է, որ մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին: Րաֆֆին հուշում է մեզ, որ անգամ մի քանի հոգին կարող են շատ բան փոխել:

Ես հավատում եմ Րաֆֆու առաջարկած մոդելին ու դա բերում մեր օրեր: Այսօր հայկական կրթական համակարգը պատկերավոր ասած տերթոդիկյան մոդելով է աշխատում. լիքը անգիր արած ինֆորմացիա, որը ոչ մի կերպ չի նպաստում ավելի լավ ապրելուն: Մյուս կողմից, բազմաթիվ հայ երիտասարդներ ձգտում են ավելի որակյալ կրթություն ստանալ ու մեկնում են արտասահման (կամ զբաղվում են ինքնակրթությամբ, եկեք դա էլ չանտեսենք): Մնում է, որ մյուս օղակը չկտրվի, որ այդ բոլորը մի օր վերադառնան Հայաստան ու առանց «քթները վեր ցցելու» աշխատեն մյուսների կողքին, օրինակ ծառայեն, սովորեցնեն, և «տերթոդիկյան» մոդելի քոքը կտրեն: Դժվար է ասել՝ կլինի այդպես, թե ոչ: Բայց վստահ եմ, որ դա մեր երկրի փրկության միակ ուղին է:

Հոդվածի  բնօրինակին կարող եք ծանոթանալ ՝ հետևելով հղմանը:

 

«Ցկյանս ուսումնառությունը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» հանդիպում Տեմպուսի ծրագրի շրջանակներում

Standard

32

Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան, ի  թիվս այլ գործընկերների, մասնակցեց Շվեդիայի Վաքշյո քաղաքի Լինեուս համալսարանի կողմից կազմակերպված հանդիպմանը, որի նպատակն էր  ծանոթանալ Տեմպուսի LeAGUe  ծրագրի  մանրամասներին և քննարկել գործընկերների աշխատանքային դերերը: «Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում  ցկյանս ուսումնառության զարգացմանն ուղղված համագործակցության ցանց» կամ LeAGUe հապավումը կրող այս ծրագրի ընդհանուր նպատակն է ցկյանս ուսումնառության գործող քաղաքականության և որակյալ ծրագրերի միջոցով բարձրացնել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների սոցիալական ներգրավվածությունը, քաղաքացիական ակտիվությունը, ինքնազարգացումը, մրցունակությունն ու աշխատունակությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ 2014թ. հունվարի 20-ից 22-ը՝ շուրջ 50 հոգու մասնակցությամբ, որոնք համառոտ հաշվետվություն ներկայացրին իրենց երկրներում տիրող ՑՈՒ իրավիճակի մասին: Նրանք  հնարավորություն ստացան պատկերացում կազմելու, թե ինչպես է Շվեդական կառավարությունը փորձում նվազեցնել գործազրկությունը՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը, և որն է, մասնավորապես, Լինեուսի համալսարանի ներդրումն այդ գործում՝ հիմնված կոնկրետ օրինակների վրա

Որպես ծրագրի գործընկեր՝ Լիգայի դերն է ստեղծել ՑՈՒ գնահատման ուղեցույց, որը թույլ կտա մասնակից բուհերին կազմակերպվել սեփական ծրագրերով հագեցած ՑՈՒ կենտրոններ:

IMG_0340IMG_0431

Նյութը վերցված է Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի պաշտոնական կայքէջից:

«Աշխատանքի տեղավորման պարադոքսային ուղին» խոստովանում են կադրային գործակալությունները

Standard

Համաձայն BeHiring կադրային գործակալության, աշխատանքի տեղավորման գործընթացում ռեքրութինգային ընկերությունները հաճախ 5-ից 7 րոպե ժամանակ են տրամադրում թեկնածուների կենսագրություններն ուսումնասիրելուն և  ընդամենը 17%  հավանականությամբ են կարդում  ուղեկցող նամակը:

68% դիմում նամակներն  անտեսվում են, եթե դրանք ուղարկվել են ոչ պրոֆեսիոնալ  էլեկտրոնային հասցեներից, իսկ  ուղղագրական կամ կետադրական սխալների և վրիպակների առկայության պարագայում թեկնածուի կենսագրությունը հայտնվում է աղբարկղում:

Միջազգային բիզնեսների 89% աշխատանքի հայտարարություններ են տեղադրում սոցիալական ցանցերում, բայց միևնույն ժամանակ մերժում են այն թեկնածուներին (յուրաքանչյուր երեքից մեկին), որոնց մասին հարուստ առցանց տեղեկատվություն են հայտնաբերում:

Ահա այսպես պարադոքսալ է աշխատանքի տեղավորման ուղին, որը սակայն հնարավոր է բարեհաջող անցնել՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիք և շարունակաբար կատարելագործելով կյանքի հմտությունները: 

confessions of recuitment industryԻնֆոգրաֆիկայի աղբյուրը՝ http://www.recruitment-views.com/confessions-of-a-recruitment-consultant/1885

 

2014 թ. մասնագիտությունների «թեժ տասնյակը»

Image

LinkedIn սոցիալական ցանցի կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից աշխատաշուկայի պահանջները ներկայացնող «թեժ տասնյակը» (ստորև` ինֆոգրաֆիկայի տեսքով) կազմված է դեռևս հինգ տարի առաջ  անհայտ մասնագիտություններից: 259 միլիոն օգտատերերի պրոֆիլների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաշխարհային մակարդակով մեծ պահանջարկ  վայելող մասնագիտությունների «դեմքը» փոփոխվել է՝ ի հայտ բերելով նոր աշխատանքային նկարագրեր, որոնք մեծամասամբ առնչվում են  ծրագրային/թվային տեխնոլոգիաներին  և ֆիթնեսին:

top jobs that didn't exist 5 years ago

Աղբյուր՝ http://talent.linkedin.com/blog/index.php/2014/01/top-10-job-titles-that-didnt-exist-5-years-ago-infographic

ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Standard

Ահա և  «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթի 2-րդ մրցանակին արժանացած՝ Աննա Մուրադյանի հոդվածը:

Ցկյանս ուսումնառության հնարավորությունը կարող է փոխել մարդու կյանքը

Եթե մոտ 20 տարի առաջ հայկական իրականությունում տարօրինակ կարող էր ընկալվել  երեսունն անց անձի բարձրագույն կրթություն ստանալու կամ մասնագիտությունը փոխելու մասին միտքը, ապա այսօր իրերի դրվածքը հիմնավորապես փոխվել է:

29-ամյա Նարե Հովաննիսյանը բանասեր է և մասնագիտությունն ընտրել է սեփական կամքով՝ ներշնչվելով իր գրականության ուսուցչուհու կերպարից ու առարկայի նկատմամբ ունեցած սիրուց: Հետո սակայն նա հասկացել է, որ բանասիրական կրթությամբ չի կարողանում ռեալիզացնել իր մարդկային պոտենցիալը, քանի որ լայն  հասարակական գործունեությամբ զբաղվելու ներքին պահանջ ունի:

«Ես ինձ մեկուսացված էի զգում հասարակական կյանքից ու լայն տարանջատում տեսա աշխատաշուկայի պահանջարկի ու իմ հմտությունների միջև,- «Հետքին» ասում է նա,- այսինքն ստացվում է, որ դու կարող ես խորանալ գիտության մեջ և զբաղվել նրանով, ինչ քեզ սրտամոտ է, բայց դա պրակտիկ չէ ու չի հետաքրքրում գործատուին»:

Հետբուհական տարիների երկար ու ձիգ որոնումները Նարեին կամավորական աշխատանքերից տարել են դեպի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության, որի ընթացքում նա հասկացել է, որ ուզում է հմտանալ հասարակայնության հետ կապերի գծով մասնագիտությամբ:

«Ես հասկացա, որ ինձ մոտ շատ լավ ստացվում է հանդիպումներ կազմակերպել, խոսնակներ հրավիրել քննարկումների համար, լրատվամիջոցների հետ աշխատել,- ասում է նա,- ես տեսա, որ այդ մարդիկ մեծ պատրաստակամությամբ ընդունում են իմ հրավերներն ու այդ հանդիպում-քննարկումները հաջողությամբ են պսակվում»:

Այժմ Նարեն «Հասարակություն առանց բռնության» ՀԿ Հյուր-խոսնակ ակումբի համակարգողն է ու հստակ որոշել է, որ նորից ուսանող է դառնալու: «Հիմա արդեն ուզում եմ սովորել ոչ թե դրդված զուտ հետաքրքրությունից, այլ որոշակի փորձ ունենալով՝ դառնալ այդ ոլորտի պրոֆեսիոնալ»,- ասում է նա:

Արևմուտքում՝ սկսած 1980-ականներից, կիրառվում է Ցկյանս ուսումնառություն (ՑՈՒ) կամ Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում համակարգը, որը հիմնված է ուսման մասին տեսաբան Փոլ Լենգրանդի տեսության վրա: Այն ենթադրում է մարդու կյանքի ավանդական՝ կրթություն, աշխատանք և հետաշխատանք, փուլերի միջև սահմանի վերացում, առաջարկելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարը:

Ցկյանս ուսումնառության համակարգը հիմնավորապես արտացոլված է Եվրոպական խորհրդի  փաստաթղթերում՝ որպես եզրույթ օգտագործելով, հիմնականում, մեծահասակների կրթություն եզրը: ԵԽ այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Երիտասարդությունը շարժման մեջ», որի փոխարեն 2014թ.-ից կգործի «Էրազմուս+», «Գրունդվիգ» և այլն, իրականացվում են ոչ ֆորմալ կրթական ձևաչափով:

Հայաստանում այն մուտք է գործել 1990-ականների սկզբից, սակայն Ցկյանս ուսումնառությունը այժմ էլ դեռևս ճանաչման լայն կարիք ունի, քանի որ քչերը գիտեն այն հնարավորությունների մասին, որն ընձեռում է ՑՈՒ-ն:

«Ոչ ֆորմալ կրթության մասին տեղեկացվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, ընդ որում՝ տեղեկացված լինելու դեպքում էլ մարդիկ թերի գիտելիքներ ունեն այդ մասին ու լավ չգիտեն դրա սկզբունքները»,- «Հետքին» ասում է Թրեյներների ազգային թիմ» հկ նախագահ Արեգ Թադևոսյանը:

Թեպետ ՑՈՒ-ն կարող է իրականացվել ֆորմալ՝ այսինքն ակադեմիական, ոչ ֆորմալ և ինֆորմալ եղանակներով, սակայն ՑՈՒ-ի համար չափազանց կարևորվում է ոչ ֆորմալ ձևաչափով կրթություն ստանալու հնարավորությունը, որը հիմնված է թիրախ խմբի քաղաքացիական բազային արժեքների և մտածողության փոփոխության հիման վրա:

Մասնագիտությամբ հոգեբան Լիլիթ Մարգարյանը, ով այժմ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի հոգեբանական ակումբի անիմատոր է, «Հետքին» պատմում է, որ ոչ ֆորմալ կրթության հետ «սերտ հարաբերություններ» ունենալուց հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է:

Լիլիթը ի տարբերություն Նարեի, չի ցանկանում փոխել մասնագիտությունը, սակայն դրա մեջ հմտանալու և նորովի կիրառելու որոնումները նրան տարել են «Էսպաս» կենտրոն, որտեղ սկզբից մասնակցի կարգավիճակով հաճախել է Հոգեբանական ակումբի հանդիպումներին, այնուհետև ցանկացել է ինքը ևս դառնալ վարող:

«Ինձ դուր էր գալիս իրենց վարելու ոճն ու ազատությունը, երբ դու հարկադրված չես ինչ-որ բան անելու,- մեկնաբանում է  նա,- ես այնտեղ այնքան անհատական մոտեցում տեսա, որ դա անմիջապես ինձ գրավեց»:

Նրա կարծիքով ոչ ֆորմալ կրթության հետ շփվելու համար բոլորովին պետք չէ փոխվել. «պարզապես դրա հետ առնչվելու արդյունքում ինքը քեզ կփոխի»:

Ոչ ֆորմալ կրթական ձևաչափով ուսուցանող թրեյներն աշխատում է թիրախ խմբի մոտիվացիոն դաշտի հետ, որպեսզ վերջիններս կարողանան իրենց համար ձևակերպել, թե որն է իրենց խնդիրը և ինչպես կարող են այն լուծել:

Ոչ ֆորմալ կրթության մասին ՀՀ կառավարությունը 2006թ. ընդունել է հայեցակարգ, որով սահմանվում են ոլորտին առնչվող հասկացություններն ու սուբյեկտները, ինչպես նաև հստակեցվում են քաղաքականության սկզբունքներն ու խնդիրները:

Որ ֆորմալ կրթության խնդիրներից մեկը, որը արդիական է նաև Արևմուտքում, ձեռք բերված գիտելիքների ճանաչողության հարցն է գործատուների և պետական կառույցների կողմից: Այսինքն, անձը՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու և համապատասխան սերտիֆիկատ ստանալու արդյունքում չի կարողանում փաստաթղթային հիմնավորում ներկայացնել, քանի որ գործատուն՝ պետության հետ ունեցած իրավական հարաբերությունների հիման վրա՝ այդ գիտելիքի համար տրված սերտիֆիկատի ճանաչողության խնդիր ունի:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարի մշակելով երիտասարդության քաղաքականություն ռազմավարությունը՝  տվյալ խնդրի լուծումը համարել է առաջնահերթություն:

«Բայց առաջնահերթություն համարելը մի բան է, իսկ այդ ուղղությամբ ինչ-որ բան անելը՝ մեկ այլ բան,- մեկնաբանում է Թադևոսյանը,- և թե ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, դեռևս անհայտ է»:

«Եթե մոտ 20 տարի առաջ մենք շվարած նայում էինք, թե Եվրոպայում այդ ուղղությամբ որտեղ են հասել ու շատ շնորհակալ էինք, որ դրսից ինչ-որ մեկը կարող էր մեր համար թրեյնինգ անել, ապա այսօր մեր մասնագետները ոչնչով չեն զիջում դրսի լավագույն թրեյներներին»,- ասում է նա:

Թադևոսյանը մատնանշում է այս ոլորտում առկա խնդիրներից մեկը. ոչ ֆորմալ կրթության լավագույն մասնագետները հեռանում են երկրից, քանի որ դրսում որակյալ թրեյներների մեծ պահանջարկ կա՝ բնականաբար, շատ ավելի բարձր վարձատրությամբ:

«Մյուս խնդիրն էլ կորպորատիվ հիմունքներով բիզնես թրեյնինգների անցկացումն է, որի դիմաց թրեյները վարձատրվում է 10-15 անգամ ավելի շատ, սակայն, որը ոչ մի կապ չունի ոչ ֆորմալ կրթության հետ,- ասում է Թադևոսյանը,- լսարանի հետ ինտերակտիվ մեթոդով թրեյնինգ վարել շատերը կարող են, ընդ որում՝ հաճախորդը մեծ մասամբ գոհ է մնում, բայց դա ոչ ֆորմալ կրթություն չէ»:

Լիլիթը նշում է ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության միջև՝ իր համար նշանակալի մեկ տարբերություն ևս. եթե ֆորմալ կրթության դեպքում սովորողն անընդհատ վախի զգացում ունի, թե ինչ-որ բան ասելիս կարող է սխալ ընկալվել և մեղմ ասած՝ հիմարի տպավորություն թողնել, ապա ոչ ֆորմալի դեպքում ուսուցանողն ու ուսուցանվողը գտնվում են հորիզոնական հարթությունների վրա, և դասըթնացի հիմնական արդյունքը հիմնված է հենց ուսուցանվողների դուրս բերած մտքերի վրա:

Ցկյանս ուսումնառության կամ շարունակական կրթության հնարավորությունը անձի համար լուծում է ժողովրդավարական հասարակությունում ապրելու և անըդմեջ զարգանալու հնարավորությունների ձեռքբերման կարիքը:

Հայաստանում ՑՈՒ գաղափարները տարածում է «Ցկյանս Ուսումնառության հայաստանյան լիգա»կազմակերպությունը:

Աննա Մուրադյան

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Standard

Ինչպես խոստացել էինք մեր ֆեյսբուքյան էջում, Ձեզ ենք ներկայացնում «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթում առաջին մրցանակին արժանացած՝ Զարուհի Քոչարյանի հոդվածը:

Zaruhi KocharyanՍովորում ենք ողջ կյանքի ընթացքում

Աստղիկ Զաքարյանը մենեջեր է և աշխատում է «Էլիպս» ընկերությունում: Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանն ավարտելուց 11 տարի անց Աստղիկը սեփական գիտելիքների մակարդակը ստուգելու համար հանձնեց ընդունելության քննություններ անգլերեն ու մաթեմատիկա առարկաներից: Եվ ի զարմանս իրեն` ընդունվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Հիմա նա ուսանող է: Աստղիկ Զաքարյան. «Ընթացիկ աշխատանքի ժամանակ զգում էի հիմնական գիտելիքի պակաս, որովհետև փորձը տարբերվում է հիմնական օրենքներից: Երկրորդ պատճառն այն է, որ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտություն կա միշտ լինել տեղեկացված, վերջին գիտելիքները ստացած: Երրորդ պատճառը, կարծում եմ, շատ մայրիկներ ինձ կհասկանան: Երեխաների ծնվելուց հետո գալիս է մի պահ, երբ ինքնագնահատականը բարձրացնելու կարիք է լինում»:

Աստղիկը 2 երեխաների մայր է: Ասում է՝ եթե չլիներ ամուսնու և տնեցիների աջակցությունը, ապա նա չէր գնա սովորելու: Մեկուկես ամսվա ուսումնառության դրական փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են և օգնում են աշխատավայրում: Աստղիկ Զաքարյանը նշում է. «Կան շատ բաներ, որոնց մասին ես գիտեի և իրականում օգտագործում էի միայն փորձի արդյունքում: Հետո պարզեցի, որ եթե ես դրանց մասին շուտ իմանայի, հենց սկզբից էլ կկիրառեի: Այսինքն՝ ոչ թե երկար տարիներ կկորցնեի, այլ ի սկզբանե կիմանայի սրա ձևն այսպես է: Կան շատ նորամուծություններ այս ոլորտում: Ամեն դեպքում 10 տարին մեծ ընդմիջում է»:

Սեփական փորձով է երիտասարդ մայրիկը համոզվել, որ 30 տարեկանից հետո առավել կարևոր է դառնում նոր բան սովորելը:

Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ստեղծվեց Մեծահասակների կրթության կենտրոն: Հիմնադիրը ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայաստանյան գրասենյակն է: Դվվ Ինթերնեյշնլը Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտ է, որը միավորում է Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող, այսպես կոչված, ժողովրդական բարձրագույն դպրոցները: Այդ կենտրոնները զանազան կրթական ծրագրեր, երկարատև ու կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ ու դասընթացներ են իրականացնում մեծահասակների համար՝ առաջնորդվելով Գերմանիայի աշխատաշուկայում առկա պահանջներով: Հենց այդ մոդելով է 2009-ին Իջևանում և 2013-ին Սիսիանում ստեղծվել Մեծահասակների կրթության կենտրոնը: Այդ կենտրոնում մարդիկ ձեռք են բերում նոր մասնագիտություն ու հետագայում նաև լավ աշխատանք գտնում: Դասընթացների ցանկը կազմելիս առաջնորդվում են այդ բնակավայրում աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Զրուցակիցս ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայսատանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանն է. «Մենք ունենք ստանդարտ կուրսեր՝ համակարգչային դասեր, գործավարություն, հաշվապահություն սկսնակների համար: Դրան զուգահեռ, օրինակ, Իջևանի կենտրոնում մենք իրականացնում ենք վիտրաժի դասընթաց: Ձեռագործական հմտություններ էլ ենք սովորեցնում, որպեսզի մարդիկ ինքնազբաղ լինեն, կարողանան իրենց ձեռքի աշխատանքը վաճառել»:

Լուսինե Խառատյանը նկատել է, որ 30 տարեկանից բարձր մարդիկ ավելի մեծ նվիրվածությամբ են մասնակցում նմանօրինակ դասընթացների: Հետաքրքրական է, որ այդ դասընթացներին հիմնականում կանայք են մասնակցում, հատուկենտ դասեր են, որտեղ բացառապես տղամարդիկ են:

«Սովորաբար կանայք ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Բացատրությունները շատ են: Տղամարդիկ մտածում են աշխատելու մասին և չեն գնում սովորելու: Հետո տղամարդկանց մի մասը Հայաստանում չէ, շատերը արտասահմանում են աշխատում: Երրորդ բացատրությունն այն է, որ տղամարդիկ չեն ուզում ժամանակ կորցնել սովորելու վրա: Բայց հետաքրքիրն այն է, որ, օրինակ, երբ մենք Գյումրիում անցկացնում էինք կահույքագործության դասընթացներ, կին մասնակից չունեինք: Եվ այդ մասնակից տղամարդկանցից շատերը հետագայում կարողացան լավ աշխատանք գտնել՝ որպես կահույքագործ», սա Լուսինե Խառատյանի դիտարկումն է: Նա համոզված է, որ կրթության շնորհիվ հնարավոր է պայքարել աղքատության դեմ, քանի որ անդադար սովորող մարդը չի կարող պարզապես չգտնել լավ աշխատանք:

Եվրոպական շատ երկրներում եկել են այն համոզման, որ 21-րդ դարում կրթությունն առաջին անհրաժեշտության գործիք է, և այն պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին: Այդ նպատակով եվրոպական կրթական համակարգում արդեն մի քանի տարի է ներդրվել է շարունակական կամ հարատև կրթություն հասկացությունը: Շարունակական կրթությունն անձի ողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության շնորհիվ ձեռք բերած գիտելիքներն են, որով անհատը բարելավում է իր կարողություններն ու արժեքային համակարգը՝ այն համապատասխանեցնելով աշխատանքային գործընթացի պահանջներին: Մեր երկրում լրացուցիչ և շարունակական կրթությունը իրականացվում է վերապատրաստումների տարբերակով: «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի փոխնախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Պիպոյանն արդեն մի քանի տարի է՝ ներգրավված է մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում: Նա համոզվել է, որ այդ համակարգն օգնում է մարդուն մրցունակ ու ճկուն լինել կյանքի բոլոր փուլերում: «Նախորդ հասարակարգում մարդիկ, մեկ անգամ կրթություն ստանալով, կարծես թե հաստատագրված փորձում էին իրենց տեղն ունենալ հասարակության մեջ և աշխատում էին մի կառույցում և սակավաթիվ վերապատրաստումների էին մասնակցում: Ներկայում հարահոս է կյանքը, և այնպիսի արագությամբ են փոփոխվում տեխնոլոգիաները, որ արդեն 2-3 տարի առաջվա շրջանավարտը նոր պայմաններին չի կարող բավարարել և այդ իմաստով նա անընդհատ կարիք ունի վերապատրաստման: Այսինքն՝ նոր կարողություններ պետք է ձեռք բերի, որոնք ավելի ճկուն կդարձնեն նրան», – ասում է Սամվել Պիպոյանը:

Շարունակական կրթությունը նոր-նոր է ներդրվում Հայաստանում, թեև 2000-ականների սկզբին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տարբեր վերապատրաստումներ էին իրականացնում: Վերապատրաստումներն ու մասնագիտական ուսուցման ծրագրերն այսօր ավելի շատ են, քան նախկինում, և բազմաթիվ մարդիկ են մասնակցում դրանց, սակայն կա մի լուրջ խնդիր: Սամվել Պիպոյանի կարծիքով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքում տվյալ մարդու ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները լիցենզավորելու և իրավական տեսանկյունից ճանաչելու խնդիր կա: Սամվել Պիպոյանը նկատում է. «Չկա մի օրենք, որը կկարգավորի այս ոլորտը: Օրինակ՝ հետբուհական կրթությունից հետո, եթե անհատը այս կամ այն կրթական ծրագրի է մասնակցել, նոր գիտելիքներ ձեռք բերել, ապա ինչպիսի՞ն է նրա կարգավիճակը, ինչպե՞ս և ո՞վ պետք է ճանաչի նրա ստացած կրթությունը, որպեսզի այդ մարդը պաշտպանված լինի: Այսինքն, այսօր Հայաստանում չկա մի կառույց կամ այնպիսի օրենսդրական փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ մարդը տիրապետում է այս կամ այն հմտությանը: Իմ անձնական կարծիքով՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ստեղծվեն տարբեր հանձնաժողովներ, կամ առանձին կառույց, կամ մարդկանց մի խումբ, որոնց կտրվեն լիազորություններ՝ հավաստագրելու այս կամ այն մարդուն, նրա գիտելիքներն ու կարողությունները»:

Այն, որ շարունակական կրթության ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը վերանայման կարիք ունի, գիտեն նաև ՀՀ ԿԳՆ-ում: Այնտեղ նաև մշակվել է Հայաստանի հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության 2013-2017 թվականների ռազմավարությունը, որի նպատակն է նախանշել Հայաստանում ոլորտի բարելավմանն ուղղված ռազմավարական հիմնական ուղղությունները, բոլորի համար հարատև կրթության հավասարապես մատչելի ապահովման հիմնական սկզբունքներն ու դրա կազմակերպման, իրականացման, կառավարման, ֆինանսավորման ու որակի ապահովման մեխանիզմները, որոնք հետագա իրավական կարգավորումների ու գործնական կիրառման հիմք կծառայեն: Նախարարությունում լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը նոր է, 2010-ին է ստեղծվել: Հայաստանում շարունակական կրթությունը զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ «Կրթության մասին» օրենքում: Բաժնի պետ Աիդա Տիգրանյանի խոսքով՝ այդ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել մինչև այս տարեվերջ: «Մենք նախատեսում ենք փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում, որը մեզ համար հիմք կհանդիսանա ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման կարգի հաստատման ժամանակ»,- հավելում է Աիդա Տիգրանյանը:

ԿԳՆ-ը Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցելով ստեղծել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման ուղեցույց», որտեղ ներկայացված է այս գործընթացում ներգրավված տարբեր կողմերի դերն ու առաքելությունը:

Աիդա Տիգրանյանը վստահ է, որ մեր երկրում անհրաժեշտ է խթանել ու տարածել հարատև կրթության գաղափարը: Նաև գործատուներն էլ պետք է գիտակցեն այդ հանգամանքը, քանի որ այսօր ֆորմալ կրթությունից ոչ պակաս կարևոր են նաև կրթության այլ ձևերը: Աիդա Տիգրանյանն, ամփոփելով ասելիքն, ընդգծում է. «Մենք բավականին լուրջ աշխատանք ունենք անելու, և մեզ ժամանակ է հարկավոր: Իսկ հարատև կրթության գաղափարը ոչ միայն ՀՀ-ում, այլև մի շարք երկրներում առաջնային տեղ է զբաղեցնում, այսինքն, որքան կարևոր է ֆորմալ կրթությունը, այդքան էլ կարևոր է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը»:

Ժամանակները փոխվում են, և ամեն նոր օր մի նոր մարտահրավեր է նետում: Մրցունակ, որակյալ, պահանջված մասնագետ լինելու, լավ աշխատանք ունենալու համար այսօր բուհում ստացած գիտելիքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակաբար սովորել, սերտել բոլոր նորարարություններն ու դրանք ներդնել ամենօրյա աշխատանքում, քանի որ 21-րդ դարում հաջողակ է նա, ով տիրապետում է գիտելիքի:

Զարուհի Քոչարյան, Լյունսե երիտասարդական ծրագիր

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

Ի՞նչ է Ցկյանս Ուսումնառությունը

Standard

Ցկյանս ուսումնառությունը լայնորեն սահմանվում է որպես ողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող ուսում/կրթություն, որը ճկուն է, բազմազան և հասանելի է մարդկանց կյանքի տարբեր փուլերում և վայրերում: Ցկյանս ուսումնառությունը գտնվում է կրթական, հասարակական և աշխատանքային ոլորտների հատման կետում և նպաստում է ուսման հնարավորությունների բազմազանությանը` չսահմանափակվելով ավանդական կրթական համակարգով կամ պարտադիր կրթությամբ: Այս սահմանումը հիմնվում է Դելորսի զեկույցում (1996թ.) նշված ուսումնառության «սովորելու չորս սյուների» վրա.

  • Սովորում եմ իմանալ.  Ենթադրում է ոչ թե համակարգված գիտելիքների ձեռքբերում, այլ գիտելիքի աստիճանական յուրացում` հարմարեցված անհատական հատկանիշներին
  • Սովորում եմ անել. Ապահովում է ներկայում և ապագայում պահանջվող աշխատանքային հմտությունները՝ ներառյալ նորարարությունն ու ուսումնառության համապատասխանեցումը ապագա աշխատանքային միջավայրին
  • Սովորում եմ գոյակցել ուրիշների հետ. Կենտրոնանում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման, այլ մշակույթների հետ գոյակցման, համայնքների կարողությունների և անհատական ​​հմտությունների զարգացման, տնտեսական ճկունության և սոցիալական ներառման խնդիրների վրա
  • Սովորում եմ լինել/դառնալ. Նպաստում է մարդու մտավոր ու ֆիզիկական կարողությունների, զգայունության, ներդաշնակության և գեղագիտական գնահատման ամբողջական զարգացմանը

Այս չորս սյուները կազմավորում են «Սովորում եմ սովորել» հենասյունը:

Ցկյանս ուսումնառությունը մարդկանց մեջ կարող է սերմանել ստեղծագործականություն, նախաձեռնություն և պատասխանատվություն, հասարակությանը հարմարվելու հնարավորություն՝ հմտություներրի զարգացման միջոցով՝

  • անորոշությունը կառավարելու,
  • մշակույթների, ենթամշակույթների, ընտանիքների և համայնքների ներսում հաղորդակցվելու,
  • հակամարտությունների շուրջ բանակցելու համար:

Եվրոպական հանձնաժողովը գտնում է, որ ցկյանս ուսումնառությունն ունի «չորս ընդհանուր և փոխաջակցող նպատակներ` կյանքի հանդեպ բավարարվածություն, ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ներգրավվածություն և աշխատունակություն/հարմարվողականություն»: Այս առումով, ցկյանս ուսումնառությունն ունի համընդգրկուն չափանիշներ, որոնք գերազանցում են տնտեսական և մասնագիտական ​​նեղ ոլորտները:

Ցկյանս ուսումնառության եվրոպական նախաձեռնությունը ցկյանս ուսումնառությունը սահմանում է որպես «… աջակցող շարունակական գործընթաց, որը խրախուսում է անհատներին ձեռք բերել բոլոր այն գիտելիքները, հմտություններն ու արժեքները, որոնց պահանջը կունենան ողջ կյանքի ընթացքում, և բոլոր միջավայրներում կիրառել դրանք վստահությամբ, ստեղծագործականությամբ և հաճույքով»:

Ցկյանս ուսումնառությունը դիտվում է որպես կրթության ամբողջական պատկեր և ճանաչում է ուսումնառությունը տարբեր միջավայրերում: Այն արտահայտվում է երկու մակարդակներում` անհատական և հասարակական:

  1. Անհատական մակարդակում ցկյանս ուսումնառությունը այն գաղափարային հենքն է, որի շնորհիվ անհատը կարող է  ուսումնառել կյանքի ցանկացած փուլում:
  2. Հասարակական մակարդակում ցկյանս ուսումնառությունը կրթության ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ձևերը ճանաչող համընդգրկուն կրթական համակարգն է:

Անհատական մակարդակում ցկյանս ուսումնառությունը առավել ընկալելի է և պակաս խնդրահարույց, քանի որ արտացոլում է անհատի` ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու գաղափարը: Քանի որ գիտելիքներն ու հմտությունները կարող են կորցնել իրենց կիրառելիությունը, անհատից պահանջվում է շարունակաբար թարմացնել դրանք` հարմարեցնելով ժամանակի պահանջներին:

Հասարակական մակարդում ցկյանս ուսումնառությունն ավելի բարդ է իրականացման տեսանկյունից. այն շատ ծավալուն է` բաղկացած ուսումնառության տարաբնույթ և բազմաթիվ տեսակներից:

Ֆորմալ Ոչ ֆորմալ Ինֆորմալ
Համալսարաններ Աշխատաշուկայի ծրագրեր Գրադարաններ
ՄԿՈՒ իրականացնողներ Ուսուցում աշխատավայրում Թանգարաններ
Ավագ դպրոցներ Աշխատանքային պրակտիկա Արվեստի պատկերասրահներ
Տարրական դպրոցներ Ուսուցում Հասարակական կազմակերպություններում Խաղահրապարակներ
Նախադպրոցական հաստատություններ Երեխաների խնամքի կենտրոններ Ընտանիքներ
Ուսուցման խմբակներ Մեծահասակների կենտրոններ

Ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնական միջավայրերի միջև տարբերությունը գրեթե այնտեղ է, որտեղ տեղի է ունենում ուսումնառությունը: Ֆորմալ ուսումնառությունը տեղի է ունենում այն հաստատություններում, որոնք ի սկզբանե հիմնադրվել են կրթություն և ուսուցում իրականացնելու համար՝ հաճախ հանգեցնելով ճանաչված արդյունքների և որակավորումների: Չնայած ոչ ֆորմալ ուսումնառությունն ակնկալում է կրթության և ուսուցման վերջնարդյունքը, այնուամենայնիվ,  այն հաճախ այնպիսի տարածքներում է իրականացվում, որոնք ուսումնառության խնդիր չեն հետապնդում:

«Ինչպես եմ ես աշխատանքի ընդունում». Ռիչարդ Բրենսոն

Standard

«Ոչինչ այնքան կարևոր չէ կազմակերպության համար, որք04c1463ան ճիշտ ընտրված աշխատակազմը»,- ասում է ամերիկյան  հայտնի «Վըրջին Աթլանտիկ» ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը:

«Որոշ ղեկավարներ կառչում են որակավորումներից.  ես դրանց անդրադառնում եմ միայն վերջում: Եթե ​​թեկնածուն երեք բարձրագույն կրթություն և գերազանցության դիպլոմ ունի, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա կարող է լավագույնս իրականացնել իր աշխատանքային պարտականությունները կամ համապատասխանում է իր աշխատանքին: Գերազանց գնահատականներն արժեզրկվում են, երբ թեկնածուի աշխատանքային հմտություններն ու անհատականությունը գործի բնույթին համապատասխան չեն»:

«Առաջին բանը, ինչին  ուշադրություն եմ դարձնում հարցազրույցի ընթացքում, թեկնածուի խառնվածքն  է: Համոզված եմ, որ աշխատակից ընտրելիս պետք է  հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի նրա անհատականությունը լավագույնս հարմարեցված լինի  կազմակերպության առաքելությանը, տեսլականին և մշակույթին: Եթե ​​կարող եք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր հումորի զգացում ունեն, սիրալիր են, հոգատար և սիրում են օգնել, կարող եք համարել, որ լավ աշխատանքային թիմ ունեք»:

«Հմտություններն ու կարողությունները նույնքան կարևոր են, սակայն սովորաբար ընդամենը երեք ամսվա ընթացքում  նոր աշխատակիցները տեղեկանում և ընտելանում են իրենց աշխատանքային դերին ու պարտականություններին: Մինչդեռ խառնվածքի, արժեքային համակարգի, վերաբերմունքի հարցում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Հետևաբար, ավելի հեշտ է նոր աշխատակցին  հմտություններ սովորեցնել, քան փոփոխել նրա անհատականությունը կամ  խառնվածքի մեջ շտկումներ կատարել: Վստահությամբ կասեմ՝ նախ բնավորությունը, ապա փորձառությունն ու հմտություններն են աշխատանքային արդյունավետության բանալին»:

«Եվս մեկ կարևոր հուշում. թեկնածուներից փորձեք ընտրել  «փոխանցելի հմտություններ»  ունեցողներին  (խմբ. – փոխանցելի հմտություններն այն բազմակողմանի հմտություններն են, որոնք անհատը կարող է օգտագործել տարբեր աշխատանքային դերեր հանձն առնելիս): Իմացական հմտու­թյունները և ոչ վարքագծային հմտություններն, ինչպիսիք են աշխատանքային էթիկան, թիմային աշխատանքը, հատկապես կարևորվում են գործատուների կողմից»:

Հոդվածի ամբողջական անգլերեն բնօրինակին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը.  http://www.linkedin.com/today/post/article/20130923230007-204068115-how-i-hire-focus-on-personality?trk=mp-details-rc

Ցկյանս ուսումնառությունը հնարավորություն է տալիս անհատին՝ բացահայտելու իր հնարավորությունները

Standard

???????????????????????????????Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան հարցազրույց անցկացրեց «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Հասմիկ Սահակյանի հետ:

Տիկին Սահակյան, ի՞նչ պետք է հասկանա անհատը՝ ցկյանս ուսումնառություն ասելով:

Մենք անընդհատ շարժման մեջ ենք:  Այսօր տեղեկատվության տարաբնույթությունը բերում է նոր գիտելիքի դասակարգման, վերաիմաստավորման և կիրառման խնդիրներ: Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարը ամենուրեք շրջապատում է մեզ. Ռոբինզոն Կրուզոյի օրինակն ապացուցում է, որ անկախ ամեն ինչից մարդն ունի հարմարվելու  և նոր հմտություններ, ունակությունններ ձեռք բերելու անհրաժեշտություն և ցանկություն: Բայց հաճախ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և չեն փորձում կատարելագործվել: Իհարկե կան մարդիկ , որոնք ինքնուրույն են բացահայտում իրենց անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները ձեռք բերելու ճանապարհը, բայց կան նաև այնպիսիք, ում պետք է օգնել: Ուստի, ցկյանս ուսումնառության գաղափարը կրող ու զարգացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատի առաքելությունն է օգնել մարդկանց բացահայտելու  և ընդլայնելու սեփական գիտելիքն ու մտահորիզոնը:

Իսկ ո՞րն է պատճառը, որ զարգացած երկրներում ցկյանս ուսումնառության տարածումն ու կիրառելիությունը բավականին մեծ է: Հայաստանում ինչպիսի՞ օրինակներ կան:

Այս առումով հատկանշական է Մեծ Բրիտանիան, որը համարվում է զարգացած երկրների մեջ ցկյանս ուսումնառության իրականացման լավագույն օրինակ: Այնտեղ ողջ բնակչությունն ակտիվ կերպով ներգրավված է ցկյանս ոսումնառության գործընթացի մեջ, և պետությունն ամեն կերպ աջակցում է` հասարակությանը տալով տարբեր կազմակերպություններում անվճար ուսուցում ստանալու հնարավորություն: Այսինքն, պետությունն ուղղակիորեն ֆինանսավորում է հասարակությանը՝ նոր հմտություն ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Մեծ Բրիտանիայի օրինակով ուզում եմ ասել, որ և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը գիտակցում են, որ առանց սովորելու, կրթվելու հնարավոր չէ ունենալ բարեկեցիկ հասարակություն: Զարգացած երկրները եկել են այդ գիտակցությանը և հնարավորություն ունեն նպաստելու մարդկանց՝ ավելի երջանիկ և լավ ապրելու հնարավորությունների (այդ թվում նաև կրթական) ստեղծմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, քանի որ ինքս  երկար ժամանակ է իրականացնում եմ ցկյանս ուսումնառությանը նպաստող հաշվապահական ծրագրեր, կարող եմ ասել, որ, օրինակ՝ հաշվապահների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ոլորտում  ցկյանս ուսումնառության դերն ու  նշանակությունը մեծ են: Նրանց համար վերապատրաստումը, նոր գիտելիքների ձեռքբերումը և՛ մասնագիտական, և՛ պետական մարմինների կողմից պարտադրվող գործառույթներ են, այսինքն՝ իրականացվում են անհրաժեշտությունից, կարիքից ելնելով: Բայց միաժամանակ անհրաժեշտությունից պետք է անցում կատարել գիտակցված անհրաժեշտության: Երբ մասնագետը գիտակցում է, որ նոր գիտելիք կամ հմտություն ձեռք բերելով՝ ապահովում է իր ֆինանսական առաջխաղացումն ու բարեկեցիկ կյանքը, նա ավելի շատ է ձգտում դեպի մասնագիտական զարգացում:  Ցավոք, Հայաստանում քիչ են այն գործատուները, որոնք պատրաստ են աջակցել իրենց աշխատողների շարունակական ուսուցմանն ու զարգացմանը:  Դրանք հիմնականում միջազգային  կազմակերպություններ կամ կորպորացիաներ են, որոնք ունեն մշակված կադրային քաղաքականություն բոլոր այն երկրներում, որտեղ գործում են:  Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում այս փորձը կկիրառվի նաև տեղական կազմակերպություններում՝ ձևավորելով նոր բիզնես մշակույթ:

Կարո՞ղ եք նկարագրել Ձեր կազմակերպություն այցելող թիրախային խմբերին:

Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնն իրականացնում է տարբեր ծրագրեր և երևի թե ամենամեծ ուսումնական կենտրոնն է, որը  հաշվապահության ոլորտում ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս: Մեր մագիստրոսական ծրագրին մասնակցում են արդեն աշխատող կամ ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ: Այս խմբի մարդիկ հիմնականում իրենք են վճարում իրենց ուսուցման համար, ինչն ապացուցում է, որ տվյալ անհատը խորապես գիտակցում է, թե ինչու է սովորում: Մյուսը սկսնակ հաշվապահների դասընթացն է, որին մասնակցում են վերաորակավորման կարճաժամկետ դասընթացների հնարավորություն փնտրող անհատներ: Երրորդ խումբը գործող հաշվապահներն են, որոնք գալիս են վերապատրաստվելու: Այս խմբին ցկյանս ուսումնառությունն անմիջականորեն է առնչվում, քանի որ նրանք գալիս են՝ իրենց մասնագիտության մեջ ավելի խորը գիտելիքներ ստանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Դասընթացներին մասնակցել և մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, ունեցել ենք անգամ 70 տարեկան մասնակից:

Ինչպե՞ս եք կազմակերպում ուսումնառությունը Ձեր կենտրոնում: Համատեղո՞ւմ եք արդյոք ֆորմալ կրթության մեթոդաբանությունն ու ոչ ֆորմալ կրթության գործնական կիրառությունը:

Մեր դասընթացների յուրահատկությունը կայանում է նրանում, որ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությունների տարանջատում չկա:  Դասընթացի ընթացքում կիրառվում է ինտերակտիվ քննարկումների մեթոդը, որը բնորոշ է ավելի շատ ոչ ֆորմալ կրթությանը: Ուսանողներին հանձնարարվում է կատարել դեպքերի ուսումնասիրություններ (case study), ինչը մեծամասամբ կատարվում է խմբային աշխատանքի միջոցով` հնարավորինս ապահովելով գիտելիքի հավասարաչափ բաշխումը:

Իսկ ինչպիսի՞ ծրագրեր է իրականացրել Ձեր կազմակերպությունը, որոնք նպաստել են ցկյանս ուսումնառության զարգացմանն ու դրա մասին հասարակության իրազեկման բարձրացմանը Հայաստանում:

Մենք իրականացնում ենք «Կանանց դերի բարձրացում մասնագիտական վերապատրաստման միջոցով» ծրագիրը, որը կանանց համար՝ մեր կազմակերպության կողմից իրականացված ծրագրերից 6-րդն է: Ծրագրի համար հատուկ չափանիշներով ընտրել ենք 50`  վերաորակավորվելու և զբաղվածության խնդիր ունեցող գործազուրկ կին` ի թիվս որոնց և սիրահայեր: Ի տարբերություն նախորդ տարիների ծրագրերի՝ այս տարի մինչև ծրագրի ավարտը մասնակիցների առնվազն 10%-ը պետք է աշխատանքի տեղավորված լինի: Այդ նպատակով մենք  համագործակցում ենք «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության հետ, որն օգնում է ծրագրի մասնակից կանանց տեղավորել աշխատանքի:

Կանանց համար ծրագրերն իրականացվում են ամբողջ Հայաստանի՞, թե՞ միայն Երևանի մասշտաբով:

Անցյալ տարիներին ավելի շատ ֆինանսավորում ունենալու շնորհիվ կարող էինք մեզ թույլ տալ շրջաններում նույնպես ծրագրեր իրականացնել: 2003թ. դի-վի-վի ինթերնեյշնալ կազմակերպության ֆինանսավորմամբ մեկ ծրագիր իրականացվել է Մասիսում և Արարատում: Ցավոք, հեռավոր շրջաններում ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ ֆինանսավորում: Ուստի, ծրագրերն ընդգրկում են Երևանը և մոտակա շրջանները:

Իսկ  ցկյանս ուսումնառության ոլորտն ընգրկող այլ ծրագրեր իրականացվե՞լ են:

Այո, իրականացվել է նաև Բաքվի ջարդերի ընթացքում Հայաստան եկած փախստականների համար ծրագիրը, որից հետո ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի հետ համագործակցության միջոցով իրականացրել ենք փոքրիկ ծրագիր՝ Հայաստանում բնակվող այլազգի փախստականների համար:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց Անի Թոսունյանը