Դժվար է չհամաձայնվել այն փաստի հետ, որ 21 – րդ դարում ապրելու, սովորելու և աշխատելու ձևերն ու եղանակները հիմնովին փոփոխության են ենթարկվել: Ներկայիս տեղեկատվական դարաշրջանի առանցքային օղակն են կազմում այն անհատները, ովքեր կարող են քննադատաբար մտածել, աշխատանքային և կենսական խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ զարգացնել և կյանքում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում պահպանել: Տվյալ համատեքստում կրթության և կրթվածության ավանդական սահմանումները կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը և վերասահմանման կարիք են զգում: Այսպես՝ կրթված մարդն այսօր ոչ միայն ավանդական իմաստով կրթություն ստացած անհատն է, այլև նա, ով գրագետ է, ունի թվաբանական, տեղեկատվական և կառավարման հմտություններ, կարող է հետևել արդի հաղորդակցական տեխնոլոգիաների ակտիվ զարգացումներին և օգտնվել դրանցից: Նա, ով կառուցում է իր աշխատանքային կարիերան՝ գիտակցելով ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու անհրաժեշտությունը. նա, ով իրազեկ է, որ ինքնակրթությունն ու զարգացումը շարունակական առաջընթացի անբաժան մասն են:
Ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամի, աշխատաշուկաների անկայունության և աշխատանքային միգրացիայի արդյունքում առաջացած խնդիրները նոր մարտահրավերներ են նետում 21-րդ դարի մարդուն՝ պահանջելով նրանից շարունակական և անընդհատ վերապատրաստում և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում կամ ցկյանս ուսումնառություն: Ելնելով տնտեսական, սոցիալական և անձնական կարիքներից՝ նա պետք է կարողանա և՛ իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել աշխատաշուկայի պահանջներին, և՛ պատրաստ լինի տարբեր իրավիճակներում ծագած խնդիրներին արդյունավետ լուծում տալ: Այս համատեքտսում ցկյանս ուսումնառության համակարգի առկայությունը պարզապես ահրաժեշտ է որպես ուղղորդիչ գործառույթ, որը կօգնի 21-րդ դարի մարդուն տեղեկատվական բազմազանության մեջ ընտրելու կյանքի իր պահանջներին համապատասխանող հմտությունների և կարողությունների զարգացման լավագույն միջոցներն ու եղանակները:
Jul23