Կրթությունը հասարակության տնտեսական, հոգևոր և սոցիալական առաջընթացի հիմնական միջոցն է: Այն յուրաքանչյուր մարդու զարգացման, նրա դաստիարակության և բարեկեցության նախապայմանն է: Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Կրթությունը ոչ միայն մարդկության մշակութային ու գիտական ժառանգությունը սերունդներին փոխանցելու միջոց է, այլև մի շարունակական գործընթաց, որը կոչված է հասարակության համակողմանի զարգացման ճանապարհով նույն այդ հասարակության ներսում առկա խտրական դրսևորումներին և անարդարությանը վերջ դնելուն:
Կրթությունը շուկայամետ է ներկայում: Համաձայն մի շարք ՀՀ իրավական ակտերի` կրթական յուրաքանչյուր մակարդակ քաղաքացուն պետք է պատրաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և հիմք հանդիսանա հաջորդ մակարդակում կրթության շարունակականությանը: Սակայն այս անցումային ժամանակներում յուրաքանչյուրն էլ կանգնում է մեծ խնդրի՝ աշխատանք գտնելու լուրջ հարցի առջև: Ներկայումս անգամ բարձրագույն կրթություն ստացած մարդիկ մատնված են գործազրկության: Շրջանավարտի գիտելիքներն ու կարողությունները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են աշխատանք, ապահովագրված չեն այն կորցնելու մեծ վտանգից, եթե շարունակաբար չզարգացնեն իրենց հմտությունները:
Այսօր առավել կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու անհրաժեշտությունը: Եվրոպական մի շարք առաջադեմ երկրներ արժևորել են այս գաղափարը ՝ ստեղծելով նախադրյալներ ՑՈւ-ի Եվրոպական մոդելի ձևավորման համար: Եվրոպան արդեն գիտակցել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ուսումնառի իր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի կարողանա մրցունակ աշխատաշուկայում կայուն տեղ և դիրք ունենալ:
Հայաստանում ևս աշխատաշուկայի հարափոփոխ պայմանները հիմք են հանդիսացել կրթություն-աշխատաշուկա անջրպետի խորացմանը: Հարափոփոխ աշխատաշուկայում երեկվա կրթությունը այսօր արդեն հնացած է համարվում: Այսօրվա քաղաքացին այլևս չպետք է սահմանափակվի իր կյանքի ընթացքում դիպլոմավորման հանգեցնող մեկ անգամյա կրթություն ստանալով, այլ պետք է շարունակաբար ուսումնառի՝ իր առջև եղած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հայաստանի առջև դրված խնդիրներից մեկն է կրթված հասարակությունից անցում կատարել ուսումնառող հասարակության: Տնտեսական, սոցիալական, մշակութային մշտապես և արագ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ առաջադեմ աշխարհը վաղուց արդեն սկսել է ապրել «գիտելիքի» կամ «տեղեկատվության» հասարակությունում, որը մշտապես ուսումնառություն է պահանջում անհատից: Այդ պատճառով ամեն օր ուսումնառելու անհրաժեշտությունը դարձել է առօրյայի անքակտելի մասը:
Եվրոպական Հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթում ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու անհրաժեշտությունը սահմանվում է որպես “lifelong learning”, այն է՝ «ցկյանս ուսումնառություն»: «Ցկյանս ոսումնառության Հուշագրում» այն ներկայացված է որպես գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով ողջ կյանքի ընթացքում իրականացվող ուսումնառություն, որն ամփոփված չէ տարիքի, սոցիալական կարգավիճակի և անհատի կրթության մակարդակի տեսանկյունից: Կարելի է ասել, որ ցկյանս ոսումնառությունը մի համընդգրկուն ուսումնական գործընթաց է՝ օրորոցից մինչև գերեզման: Այն նպաստում է ուսումնառող հասարակության ձևավորմանը՝ սրանով իսկ հիմք դնելով ինտեգրված, հանդուրժող և հազարամյակի մարտահրավերները հաղթահարող հասարակության: