Ցկյանս ուսումնառություն (Lifelong Learning). ավելի լավ է նկարագրել այն, ոչ թե սահմանել

Standard

avagyanՊրն. Ավագյան, ինչպե՞ս եք ընկալում ցկյանս ուսումնառությունը և ո՞րն է այս հասկացության Ձեր սահմանումը:

Ցկյանս ուսումնառությունն ընկալում եմ ամենալայն իմաստով. այն  մարդու՝ ցանկացած իրավիճակում  սովորելու և  հմտություն ձեռք բերելու փորձառությունն է՝ լինի դա աշխատավայրում, համայնքում թե ընտանեկան կյանքում:   Շատ հաճախ ինչ-որ բան անելիս մեզ թվում է, թե տիրապետում ենք անհրաժեշտ հմտությանը, բայց միևնույն է,  հմտությունները զարգանում  և պահպանվում են միայն  գործնականորեն կիրառվելու և ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու  արդյունքում: Իսկ ինչ վերաբերվում է սահմանմանը, ես կխուսափեի դրանից, որովհետև ցկյանս ուսումնառությունն  ընկալելն ու  պատկերացնելն ավելի հեշտ է, քան սահմանելը: Սահմանելիս միշտ հնարավոր է ինչ-որ բան մոռանալ կամ բաց թողնել: Ավելի լավ է նկարագրել, ոչ թե սահմանել. բաներ կան, որոնք իսկապես իրավական սահմանման կարիք էլ չունեն: Երբ կորոշենք օրենք գրել կամ գրելիս կլինենք, այդ ժամանակ կփորձենք սահմանում տալ:

Լավ, իսկ ո՞րն է ցկյանս ուսումնառության՝ Եվրոպական կրթության և ուսուցման օրակարգում առանցքային դիրք գրավելու պատճառը:

Պատճառն այն է, որ Եվրոպան նախ և առաջ խիզախ և համարձակ է գտնվել խոստովանելու, որ այսօրվա արագ զարգացող կյանքի պայմաններում առանց անընդհատ և բոլոր պարագաներում ուսումնառելու շատ դժվար է զարգանալ և հաջողության հասնել, քանի որ  թե՛ մարդկանց և թե՛ երկրների միջև մրցակցությունը գնալով ավելի  մեծանում է և դրան դիմակայելու համար պետք է շարունակաբար թարմացնել գիտելիքներն ու հմտությունները: Թեև մի շարք երկրներում,այդ թվում և Հայաստանում, ցկյանս ուսումնառությունը պաշտոնական օրակարգի կետերից մեկը չէ, դա չի նշանակում, որ այն օրախնդիր չէ. ընդհակառակը, այն ամենուրեք  է օրախնդիր: Պարզապես, կրկնում եմ, Եվրոպայում դա ավելի հստակ են գիտակցել: Իմ կարծիքով ցկյանս ուսումնառությունն առաջնային գերակայություն է անգամ ամենաաղքատ  կամ զարգացող երկրների համար, որտեղ գումար վաստակելու համար կրթված և հմուտ աշխատուժ է հարկավոր: Անգրագետ կամ կիսագրագետ մարդիկ չեն կարող ստեղծել ոչ մի արժեք, առավել ևս այսօրվա արագընթաց փոփոխվող աշխատաշուկայում: Ուստի, չուսումնառելով մենք  անմխիթար հետ ենք ընկնում միջազգային զարգացումներից, որի արդյունքում ի վերջո անհույս իրավիճակում կհայտնվենք:

Ինչպե՞ս եք տեսնում ՑՈՒ ոլորտի կայացումը մեր երկրում:

Հայաստանում ՑՈՒ ոլորտի կայացումը կարելի է իրականացնել դասական ճանապարհով: Հաշվի առնելով հայ ազգի կարևորագույն հատկանիշներից մեկը՝ նախաձեռնողունակությունը, անհրաժեշտ է ունենալ ՑՈՒ պետական քաղաքականություն, ռազմավարություն և օրենսդրություն: Ընդ որում, օրենսդրությունը պետք է կարգավորի և համակարգի ոլորտը,  բայց նախ և առաջ աջակցի, պայմաններ ստեղծի և նպաստի  ցկյանս ուսումնառության բազմաթիվ ռեսուրսներից օգտնվելուն: Համոզված եմ, որ համապատասխան խթանման և աջակցության պայմաններում հայերը ինքնուրույն էլ կարող են կազմակերպել իրենց անհատական ուսումնառությունը:  Այս պահին ՑՈՒ ոլորտի պետական լուրջ ֆինանսավորման մասին կարելի է դեռևս չմտածել (թեև ի վերջո դրան էլ պիտի հասնենք, քանի որ զարգացած մարդկային ռեսուրսներ ունենալը պետական շահերից է բխում), սակայն դա կարող է լինել արդեն հաջորդ  քայլը:

Ի՞նչ եք կարծում,  ովքե՞ր են ավելի շատ «պատրաստ»  գիտակցել և նախաձեռնել ողջ կյանքի ընթացքում սեփական ուսումնառության գործընթացը: Կարո՞ղ եք նշել ցկյանս ուսումնառության թիրախային խմբերը:

Ցկյանս ուսումնառությունը անխտիր բոլորի համար է և ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:  Որքան մարդն ավելի կրթված է, այնքան հետագա ուսումնառության անհրաժեշտությունն ավելի շատ է գիտակցում: Ուղղակի կարելի է այս հարցին տարբեր տեսանկյուններից նայել: Սոցիալ-տնտեսական շահերից ելնելով՝ ցկյանս ուսումնառության  թիրախային խմբեր են հատկապես այն մարդիկ, ովքեր  զբաղվածության, հասարակական և քաղաքացիական  ներգրավվածության խնդիրներ ունեն: Ակնհայտորեն, մարդկանց ուսումնառելու կարիքները տարբեր են, բայց չկա այնպիսի մարդ, ով սովորելու կարիք չունի:

Որո՞նք են ՑՈՒ-ի մասին հանրային ցածր իրազեկության պատճառները և ի՞նչ քայլ է անհրաժեշտ նախաձեռնել ուսումնառության անհրաժեշտության և կարիքի տեսանելիության ավելացման համար:

Պատճառներն ակնհայտ են: Ուսումնառության անհրաժեշտության և կարիքի տեսանելիության ավելացման ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չի արվել: Ցանկացած անհատ կարող է իր շրջապատում տարածել ցկյանս ուսումնառության մասին տեղեկություն: Պարզապես մենք այնքան ենք տարվել առօրյա խնդիրներով, որ մի պահ կանգ չենք առնում և չենք գիտակցում, թե ինչպես ինչպես ենք ամեն օր նոր բան սովորում : Մեր հասարակությունը չի հաղթահարել նաև այն կարծրատիպը, որ որոշակի տարիք առնելուն պես կրթական գործընթացի մեջ կրկին մտնելն ամոթ է: Ինչ վերաբերվում է իրազեկմանն ուղղված քայլերին, դրանք կարող են նախաձեռնվել թե՛ ԶԼՄ-ների և թե՛ պետական մակարդակով կազմակերպված քարոզարշավների միջոցով: Փորձը ցույց է տալիս, որ պետությունը որոշ քարոզարշավներ հաջողությամբ է իրականացնում է, երբ դրանք բխում են կոնկրետ պետական գերակայություններից: Կարծում եմ, որ պետական համապատասխան կառույցներն էլ պետք է իրենց օրակարգում գերակա խնդիր դարձնեն ոչ միայն ՑՈՒ տեղեկացվածության բարձրացումը, այլև մարդկանց շահադրդումը սովորելու: Բացի այդ, ամենատարբեր կառույցները կարող են դա անել՝ սկսած մեր Լիգայից, վերջացրած ցանկացած դասընթաց  իրականացնող մասնավոր կազմակերպությամբ: Բոլորն էլ կարող են ներգրավվել:

– ՑՈՒ-ն կարո՞ղ է օգնել աշխատաշուկայում հմտությունների և կարողությունների բացերը լրացնելուն

Բնականաբար կարող է, քանի որ այն հիմնականում միտված է հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության  բարձրացմանը :  Ընդ որում, պետք է նկատի ունենալ ոչ միայն մասնագիտական, այլև ընդհանուր կարողություններն ու  հմտությունները, օրինակ՝ հաղորդակցման, հաճախորդին միտված մոտեցումները, հմտություններն ու կարողությունները: Ի վերջո արդեն ապացուցված փաստ է, որ աշխատանք որոնել և գտնելը նույնպես շատ լուրջ կարողություն է պահանջում, այնպես որ զբաղվածության մակարդակի բարձրացումը պետք է սկսել ցկյանս ուսումնառության հենց այդ տարրից՝ աշխատանք որոնել, գտնել, գործատուի հետ շփվել: Այլ կերպ ասած՝ զարգացնել աշխատանք որոնելու և աշխատավայրում աճելու հմտություննեը (employability skills):

Կարո՞ղ եք ՑՈՒ ոլորտի հաջողված ծրագրի օրինակ բերել:

ՑՈՒ ոլորտի հաջողված ծրագիր երևի թե ամբողջ հայ ազգն է, որն ամբողջ կյանքում ձգտել է սովորել, կամ  գոնե իր երեխային ուսման տալ: Ճիշտ է, այստեղ խոսքն ավելի շատ գնում է հանրակրթության, միջին մասնագիտական և բուհական կրթության մասին, բայց ոչ միայն, քանի որ հայ ծնողները իրենց երեխաներին ուղարկում էին նաև պարի, նկարչության և այլ խմբակներ: Անգամ հայկական հեքիաթներում այսպիսի մոտեցում կա, որ հայը պարտադիր պետք է ինչ-որ արհեստի տիրապետի: Այնուամենայնիվ այսօր կարող ենք խոսել միայն այն ծրագրերի մասին,  որոնք այս կամ այն դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ են իրականացվում, սակայն շատ տեղային են, փոքր և ընդլայնման կարիք ունեն: Օրինակ՝ կարող ենք հիշել Իջևանի և Սիսիանի մեծահասակների ուսուցման կենտրոնները՝ բացված գերմանական dvv international կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև բազմաթիվ փոքր նախագծեր, որոնց արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն և ազդեցությունն էլ թույլ է: Կարծում եմ, որ հաջողված ծրագիրը պետք այնպիսին լինի, որ հարցը տալուց անմիջապես հիշես, այլապես այդ ծրագիրը հաջողված չի կարելի համարել:

*Արամ Ավագյանը ՄԿՈՒ ոլորտի փորձագետ է: Նա Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի (Armenian Lifelong Learning League) նախագահն է և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրենը: 1991-2002թթ նա աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական  կրթության  բաժնի պետի տեղակալ  և խորհրդատվություններ է տրամադրել ԵՄ-ի, ՄԱԶԾ-ի, ԵԿՀ-ի և GIZ-ի ֆինանսավորմամբ կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հարցազրույցը վարեց Անի Թոսունյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s