«ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՍՈՎՈՐԵԼ»

Standard
«ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՍՈՎՈՐԵԼ»

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ուսանողուհի Մելանյա Շարբաթյանը 60 տարեկան է: Մելանյա Շարբաթյանը ընդունելության քննության ժամանակ: Ամեն ինչ սկսվեց 2006-ի հունվարի 8-ին, երբ Մելանյա Շարբաթյանը եկավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Չնայած նա այդ ժամանակ բոլորել էր 55-ամյակը, բայց ցանկանում էր դառնալ կոնսերվատորիայի ուսանողուհի: Մ. Շարբաթյանին խնդրեցինք պատմել, թե ինչո՞ւ 55 տարեկանում հանկարծ որոշեց ընդունվել կոնսերվատորիա:

«1972-ին, երբ ավարտեցի ուսումնարանը, դիմեցի կոնսերվատորիա, բայց չընդունվեցի: Հետո միանգամից երկու տեղ անցա աշխատանքի, ու այդ պատճառով երկրորդ տարին կրկին չփորձեցի: Դաշնակահարուհու մասնագիտությամբ բուհում սովորելը երազանք մնաց: Բոլորն ասում էին՝ ինչի՞դ է պետք դիպլոմը, միեւնույն է՝ չի գնահատվում: Բայց ես չէի համոզվում»:

Տիկին Շարբաթյանի որոշման վրա մեծ ազդեցություն է թողել հոր մահը: Տարիներին հետադարձ հայացք նետելով՝ ուսանողուհին ասում է.

«Երբ հայրս մահացավ, հայտնվեցի անելանելի վիճակում եւ հենց հայրիկիս ծննդյան օրը եկա կոնսերվատորիա: Հիմա զգում եմ, որ այդպիսի բան այժմ չէի անի: Եկա, հանդիպեցի պրոֆեսորին ու սկսեցի պարապել: Կոնսերվատորիան կարծես սրբազան տաճար լիներ ինձ համար: Տեղեկանալով, որ ընդունվելու համար տարիքային սահմանափակում չկա, միանգամից անցա պարապմունքների. իմ բնակավայր՝ Էջմիածին էլ չվերադարձա ամիսներ շարունակ: Ընդունվելուց հետո հարազատներս իմացան, թե ինչն էր իմ բացակայության պատճառը… Երիտասարդ չէի, մատներս ճկուն չէին, բայց օրուգիշեր պարապեցի, որ ծրագրից հետ չմնամ եւ հաջողեցի… Այժմ կուրսեցիներիս հետ լավ հարաբերությունների մեջ եմ, եթե երեխաներ ունենայի, թոռներս համակուրսեցիներիս տարիքին կլինեին»:

Զրույցի ընթացքում տիկին Մելանյան որոշ զվարճալի միջադեպեր հիշեց, որոնք տեղի են ունեցել, երբ ինքը դիմորդ էր: Նա պատմեց.

«Երբ գործերս տարա հանձնելու, ինձ հարցրին՝ իսկ ո՞ւր է ձեր երեխան: Ժպիտով պատասխանեցի, որ ես եմ «երեխան»: Իսկ հայոց լեզվի քննությանը, երբ ուզում էի մտնել քննասենյակ, ինձ սկզբում թույլ չտվեցին՝ ասելով, թե ծնողներն ավելի ուշ են խմբով մտնելու՝ որպես դիտորդ: Հետո երբ ասացի, որ ես ծնող չեմ, այլ դիմորդ, խիստ զարմացան ու ինձ ներս թողեցին»:

Մ. Շարբաթյանը խանդավառված ուսանողին հատուկ եռանդով ասում է.

«Երբ այս քայլին էի գնում, ինձ թվում էր, դա իմ աստեղային ժամն է: Իսկ հիմա վստահ եմ, որ սա էր իմ ժամանակը: Մյուս կողմից էլ կարծես ինձնից վրեժ լուծեմ՝ ասելով, ա՛յ, տեղն է քեզ, ինչո՞ւ ժամանակին քո երազանքը չիրագործեցիր, դե գնա՛ ու հիմա դժվարությամբ իրագործիր: Երբ խորհուրդ էին տալիս անձնական կյանքով զբաղվել, ես պատասխանում էի, որ ամուսնանում եմ կոնսերվատորիայի հետ»:

Ապրելով դասական արվեստով ու ընդհանրապես դասականությամբ՝ տիկին Շարբաթյանը նեղսրտում է՝ տեսնելով բարձր արվեստի հանդեպ հետաքրքրության պակասը: Նա նաեւ վրդովված է, թե ինչո՞ւ պետք է երաժշտական դպրոցները լինեին այնպիսի նեղ պայմաններում, որ ուսուցիչը չնչին աշխատավարձով «էստի համեցեք» անելով աշակերտներին սովորեցնի:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բնօրինակ հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2010/03/06/187575/

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s