Ցկյանս ուսումնառությունը հնարավորություն է տալիս անհատին՝ բացահայտելու իր հնարավորությունները

Standard

???????????????????????????????Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան հարցազրույց անցկացրեց «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Հասմիկ Սահակյանի հետ:

Տիկին Սահակյան, ի՞նչ պետք է հասկանա անհատը՝ ցկյանս ուսումնառություն ասելով:

Մենք անընդհատ շարժման մեջ ենք:  Այսօր տեղեկատվության տարաբնույթությունը բերում է նոր գիտելիքի դասակարգման, վերաիմաստավորման և կիրառման խնդիրներ: Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարը ամենուրեք շրջապատում է մեզ. Ռոբինզոն Կրուզոյի օրինակն ապացուցում է, որ անկախ ամեն ինչից մարդն ունի հարմարվելու  և նոր հմտություններ, ունակությունններ ձեռք բերելու անհրաժեշտություն և ցանկություն: Բայց հաճախ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և չեն փորձում կատարելագործվել: Իհարկե կան մարդիկ , որոնք ինքնուրույն են բացահայտում իրենց անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները ձեռք բերելու ճանապարհը, բայց կան նաև այնպիսիք, ում պետք է օգնել: Ուստի, ցկյանս ուսումնառության գաղափարը կրող ու զարգացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատի առաքելությունն է օգնել մարդկանց բացահայտելու  և ընդլայնելու սեփական գիտելիքն ու մտահորիզոնը:

Իսկ ո՞րն է պատճառը, որ զարգացած երկրներում ցկյանս ուսումնառության տարածումն ու կիրառելիությունը բավականին մեծ է: Հայաստանում ինչպիսի՞ օրինակներ կան:

Այս առումով հատկանշական է Մեծ Բրիտանիան, որը համարվում է զարգացած երկրների մեջ ցկյանս ուսումնառության իրականացման լավագույն օրինակ: Այնտեղ ողջ բնակչությունն ակտիվ կերպով ներգրավված է ցկյանս ոսումնառության գործընթացի մեջ, և պետությունն ամեն կերպ աջակցում է` հասարակությանը տալով տարբեր կազմակերպություններում անվճար ուսուցում ստանալու հնարավորություն: Այսինքն, պետությունն ուղղակիորեն ֆինանսավորում է հասարակությանը՝ նոր հմտություն ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Մեծ Բրիտանիայի օրինակով ուզում եմ ասել, որ և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը գիտակցում են, որ առանց սովորելու, կրթվելու հնարավոր չէ ունենալ բարեկեցիկ հասարակություն: Զարգացած երկրները եկել են այդ գիտակցությանը և հնարավորություն ունեն նպաստելու մարդկանց՝ ավելի երջանիկ և լավ ապրելու հնարավորությունների (այդ թվում նաև կրթական) ստեղծմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, քանի որ ինքս  երկար ժամանակ է իրականացնում եմ ցկյանս ուսումնառությանը նպաստող հաշվապահական ծրագրեր, կարող եմ ասել, որ, օրինակ՝ հաշվապահների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ոլորտում  ցկյանս ուսումնառության դերն ու  նշանակությունը մեծ են: Նրանց համար վերապատրաստումը, նոր գիտելիքների ձեռքբերումը և՛ մասնագիտական, և՛ պետական մարմինների կողմից պարտադրվող գործառույթներ են, այսինքն՝ իրականացվում են անհրաժեշտությունից, կարիքից ելնելով: Բայց միաժամանակ անհրաժեշտությունից պետք է անցում կատարել գիտակցված անհրաժեշտության: Երբ մասնագետը գիտակցում է, որ նոր գիտելիք կամ հմտություն ձեռք բերելով՝ ապահովում է իր ֆինանսական առաջխաղացումն ու բարեկեցիկ կյանքը, նա ավելի շատ է ձգտում դեպի մասնագիտական զարգացում:  Ցավոք, Հայաստանում քիչ են այն գործատուները, որոնք պատրաստ են աջակցել իրենց աշխատողների շարունակական ուսուցմանն ու զարգացմանը:  Դրանք հիմնականում միջազգային  կազմակերպություններ կամ կորպորացիաներ են, որոնք ունեն մշակված կադրային քաղաքականություն բոլոր այն երկրներում, որտեղ գործում են:  Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում այս փորձը կկիրառվի նաև տեղական կազմակերպություններում՝ ձևավորելով նոր բիզնես մշակույթ:

Կարո՞ղ եք նկարագրել Ձեր կազմակերպություն այցելող թիրախային խմբերին:

Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնն իրականացնում է տարբեր ծրագրեր և երևի թե ամենամեծ ուսումնական կենտրոնն է, որը  հաշվապահության ոլորտում ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս: Մեր մագիստրոսական ծրագրին մասնակցում են արդեն աշխատող կամ ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ: Այս խմբի մարդիկ հիմնականում իրենք են վճարում իրենց ուսուցման համար, ինչն ապացուցում է, որ տվյալ անհատը խորապես գիտակցում է, թե ինչու է սովորում: Մյուսը սկսնակ հաշվապահների դասընթացն է, որին մասնակցում են վերաորակավորման կարճաժամկետ դասընթացների հնարավորություն փնտրող անհատներ: Երրորդ խումբը գործող հաշվապահներն են, որոնք գալիս են վերապատրաստվելու: Այս խմբին ցկյանս ուսումնառությունն անմիջականորեն է առնչվում, քանի որ նրանք գալիս են՝ իրենց մասնագիտության մեջ ավելի խորը գիտելիքներ ստանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Դասընթացներին մասնակցել և մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, ունեցել ենք անգամ 70 տարեկան մասնակից:

Ինչպե՞ս եք կազմակերպում ուսումնառությունը Ձեր կենտրոնում: Համատեղո՞ւմ եք արդյոք ֆորմալ կրթության մեթոդաբանությունն ու ոչ ֆորմալ կրթության գործնական կիրառությունը:

Մեր դասընթացների յուրահատկությունը կայանում է նրանում, որ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությունների տարանջատում չկա:  Դասընթացի ընթացքում կիրառվում է ինտերակտիվ քննարկումների մեթոդը, որը բնորոշ է ավելի շատ ոչ ֆորմալ կրթությանը: Ուսանողներին հանձնարարվում է կատարել դեպքերի ուսումնասիրություններ (case study), ինչը մեծամասամբ կատարվում է խմբային աշխատանքի միջոցով` հնարավորինս ապահովելով գիտելիքի հավասարաչափ բաշխումը:

Իսկ ինչպիսի՞ ծրագրեր է իրականացրել Ձեր կազմակերպությունը, որոնք նպաստել են ցկյանս ուսումնառության զարգացմանն ու դրա մասին հասարակության իրազեկման բարձրացմանը Հայաստանում:

Մենք իրականացնում ենք «Կանանց դերի բարձրացում մասնագիտական վերապատրաստման միջոցով» ծրագիրը, որը կանանց համար՝ մեր կազմակերպության կողմից իրականացված ծրագրերից 6-րդն է: Ծրագրի համար հատուկ չափանիշներով ընտրել ենք 50`  վերաորակավորվելու և զբաղվածության խնդիր ունեցող գործազուրկ կին` ի թիվս որոնց և սիրահայեր: Ի տարբերություն նախորդ տարիների ծրագրերի՝ այս տարի մինչև ծրագրի ավարտը մասնակիցների առնվազն 10%-ը պետք է աշխատանքի տեղավորված լինի: Այդ նպատակով մենք  համագործակցում ենք «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության հետ, որն օգնում է ծրագրի մասնակից կանանց տեղավորել աշխատանքի:

Կանանց համար ծրագրերն իրականացվում են ամբողջ Հայաստանի՞, թե՞ միայն Երևանի մասշտաբով:

Անցյալ տարիներին ավելի շատ ֆինանսավորում ունենալու շնորհիվ կարող էինք մեզ թույլ տալ շրջաններում նույնպես ծրագրեր իրականացնել: 2003թ. դի-վի-վի ինթերնեյշնալ կազմակերպության ֆինանսավորմամբ մեկ ծրագիր իրականացվել է Մասիսում և Արարատում: Ցավոք, հեռավոր շրջաններում ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ ֆինանսավորում: Ուստի, ծրագրերն ընդգրկում են Երևանը և մոտակա շրջանները:

Իսկ  ցկյանս ուսումնառության ոլորտն ընգրկող այլ ծրագրեր իրականացվե՞լ են:

Այո, իրականացվել է նաև Բաքվի ջարդերի ընթացքում Հայաստան եկած փախստականների համար ծրագիրը, որից հետո ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի հետ համագործակցության միջոցով իրականացրել ենք փոքրիկ ծրագիր՝ Հայաստանում բնակվող այլազգի փախստականների համար:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց Անի Թոսունյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s