ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Standard

Ինչպես խոստացել էինք մեր ֆեյսբուքյան էջում, Ձեզ ենք ներկայացնում «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթում առաջին մրցանակին արժանացած՝ Զարուհի Քոչարյանի հոդվածը:

Zaruhi KocharyanՍովորում ենք ողջ կյանքի ընթացքում

Աստղիկ Զաքարյանը մենեջեր է և աշխատում է «Էլիպս» ընկերությունում: Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանն ավարտելուց 11 տարի անց Աստղիկը սեփական գիտելիքների մակարդակը ստուգելու համար հանձնեց ընդունելության քննություններ անգլերեն ու մաթեմատիկա առարկաներից: Եվ ի զարմանս իրեն` ընդունվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Հիմա նա ուսանող է: Աստղիկ Զաքարյան. «Ընթացիկ աշխատանքի ժամանակ զգում էի հիմնական գիտելիքի պակաս, որովհետև փորձը տարբերվում է հիմնական օրենքներից: Երկրորդ պատճառն այն է, որ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտություն կա միշտ լինել տեղեկացված, վերջին գիտելիքները ստացած: Երրորդ պատճառը, կարծում եմ, շատ մայրիկներ ինձ կհասկանան: Երեխաների ծնվելուց հետո գալիս է մի պահ, երբ ինքնագնահատականը բարձրացնելու կարիք է լինում»:

Աստղիկը 2 երեխաների մայր է: Ասում է՝ եթե չլիներ ամուսնու և տնեցիների աջակցությունը, ապա նա չէր գնա սովորելու: Մեկուկես ամսվա ուսումնառության դրական փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են և օգնում են աշխատավայրում: Աստղիկ Զաքարյանը նշում է. «Կան շատ բաներ, որոնց մասին ես գիտեի և իրականում օգտագործում էի միայն փորձի արդյունքում: Հետո պարզեցի, որ եթե ես դրանց մասին շուտ իմանայի, հենց սկզբից էլ կկիրառեի: Այսինքն՝ ոչ թե երկար տարիներ կկորցնեի, այլ ի սկզբանե կիմանայի սրա ձևն այսպես է: Կան շատ նորամուծություններ այս ոլորտում: Ամեն դեպքում 10 տարին մեծ ընդմիջում է»:

Սեփական փորձով է երիտասարդ մայրիկը համոզվել, որ 30 տարեկանից հետո առավել կարևոր է դառնում նոր բան սովորելը:

Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ստեղծվեց Մեծահասակների կրթության կենտրոն: Հիմնադիրը ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայաստանյան գրասենյակն է: Դվվ Ինթերնեյշնլը Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտ է, որը միավորում է Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող, այսպես կոչված, ժողովրդական բարձրագույն դպրոցները: Այդ կենտրոնները զանազան կրթական ծրագրեր, երկարատև ու կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ ու դասընթացներ են իրականացնում մեծահասակների համար՝ առաջնորդվելով Գերմանիայի աշխատաշուկայում առկա պահանջներով: Հենց այդ մոդելով է 2009-ին Իջևանում և 2013-ին Սիսիանում ստեղծվել Մեծահասակների կրթության կենտրոնը: Այդ կենտրոնում մարդիկ ձեռք են բերում նոր մասնագիտություն ու հետագայում նաև լավ աշխատանք գտնում: Դասընթացների ցանկը կազմելիս առաջնորդվում են այդ բնակավայրում աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Զրուցակիցս ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայսատանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանն է. «Մենք ունենք ստանդարտ կուրսեր՝ համակարգչային դասեր, գործավարություն, հաշվապահություն սկսնակների համար: Դրան զուգահեռ, օրինակ, Իջևանի կենտրոնում մենք իրականացնում ենք վիտրաժի դասընթաց: Ձեռագործական հմտություններ էլ ենք սովորեցնում, որպեսզի մարդիկ ինքնազբաղ լինեն, կարողանան իրենց ձեռքի աշխատանքը վաճառել»:

Լուսինե Խառատյանը նկատել է, որ 30 տարեկանից բարձր մարդիկ ավելի մեծ նվիրվածությամբ են մասնակցում նմանօրինակ դասընթացների: Հետաքրքրական է, որ այդ դասընթացներին հիմնականում կանայք են մասնակցում, հատուկենտ դասեր են, որտեղ բացառապես տղամարդիկ են:

«Սովորաբար կանայք ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Բացատրությունները շատ են: Տղամարդիկ մտածում են աշխատելու մասին և չեն գնում սովորելու: Հետո տղամարդկանց մի մասը Հայաստանում չէ, շատերը արտասահմանում են աշխատում: Երրորդ բացատրությունն այն է, որ տղամարդիկ չեն ուզում ժամանակ կորցնել սովորելու վրա: Բայց հետաքրքիրն այն է, որ, օրինակ, երբ մենք Գյումրիում անցկացնում էինք կահույքագործության դասընթացներ, կին մասնակից չունեինք: Եվ այդ մասնակից տղամարդկանցից շատերը հետագայում կարողացան լավ աշխատանք գտնել՝ որպես կահույքագործ», սա Լուսինե Խառատյանի դիտարկումն է: Նա համոզված է, որ կրթության շնորհիվ հնարավոր է պայքարել աղքատության դեմ, քանի որ անդադար սովորող մարդը չի կարող պարզապես չգտնել լավ աշխատանք:

Եվրոպական շատ երկրներում եկել են այն համոզման, որ 21-րդ դարում կրթությունն առաջին անհրաժեշտության գործիք է, և այն պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին: Այդ նպատակով եվրոպական կրթական համակարգում արդեն մի քանի տարի է ներդրվել է շարունակական կամ հարատև կրթություն հասկացությունը: Շարունակական կրթությունն անձի ողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության շնորհիվ ձեռք բերած գիտելիքներն են, որով անհատը բարելավում է իր կարողություններն ու արժեքային համակարգը՝ այն համապատասխանեցնելով աշխատանքային գործընթացի պահանջներին: Մեր երկրում լրացուցիչ և շարունակական կրթությունը իրականացվում է վերապատրաստումների տարբերակով: «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի փոխնախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Պիպոյանն արդեն մի քանի տարի է՝ ներգրավված է մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում: Նա համոզվել է, որ այդ համակարգն օգնում է մարդուն մրցունակ ու ճկուն լինել կյանքի բոլոր փուլերում: «Նախորդ հասարակարգում մարդիկ, մեկ անգամ կրթություն ստանալով, կարծես թե հաստատագրված փորձում էին իրենց տեղն ունենալ հասարակության մեջ և աշխատում էին մի կառույցում և սակավաթիվ վերապատրաստումների էին մասնակցում: Ներկայում հարահոս է կյանքը, և այնպիսի արագությամբ են փոփոխվում տեխնոլոգիաները, որ արդեն 2-3 տարի առաջվա շրջանավարտը նոր պայմաններին չի կարող բավարարել և այդ իմաստով նա անընդհատ կարիք ունի վերապատրաստման: Այսինքն՝ նոր կարողություններ պետք է ձեռք բերի, որոնք ավելի ճկուն կդարձնեն նրան», – ասում է Սամվել Պիպոյանը:

Շարունակական կրթությունը նոր-նոր է ներդրվում Հայաստանում, թեև 2000-ականների սկզբին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տարբեր վերապատրաստումներ էին իրականացնում: Վերապատրաստումներն ու մասնագիտական ուսուցման ծրագրերն այսօր ավելի շատ են, քան նախկինում, և բազմաթիվ մարդիկ են մասնակցում դրանց, սակայն կա մի լուրջ խնդիր: Սամվել Պիպոյանի կարծիքով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքում տվյալ մարդու ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները լիցենզավորելու և իրավական տեսանկյունից ճանաչելու խնդիր կա: Սամվել Պիպոյանը նկատում է. «Չկա մի օրենք, որը կկարգավորի այս ոլորտը: Օրինակ՝ հետբուհական կրթությունից հետո, եթե անհատը այս կամ այն կրթական ծրագրի է մասնակցել, նոր գիտելիքներ ձեռք բերել, ապա ինչպիսի՞ն է նրա կարգավիճակը, ինչպե՞ս և ո՞վ պետք է ճանաչի նրա ստացած կրթությունը, որպեսզի այդ մարդը պաշտպանված լինի: Այսինքն, այսօր Հայաստանում չկա մի կառույց կամ այնպիսի օրենսդրական փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ մարդը տիրապետում է այս կամ այն հմտությանը: Իմ անձնական կարծիքով՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ստեղծվեն տարբեր հանձնաժողովներ, կամ առանձին կառույց, կամ մարդկանց մի խումբ, որոնց կտրվեն լիազորություններ՝ հավաստագրելու այս կամ այն մարդուն, նրա գիտելիքներն ու կարողությունները»:

Այն, որ շարունակական կրթության ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը վերանայման կարիք ունի, գիտեն նաև ՀՀ ԿԳՆ-ում: Այնտեղ նաև մշակվել է Հայաստանի հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության 2013-2017 թվականների ռազմավարությունը, որի նպատակն է նախանշել Հայաստանում ոլորտի բարելավմանն ուղղված ռազմավարական հիմնական ուղղությունները, բոլորի համար հարատև կրթության հավասարապես մատչելի ապահովման հիմնական սկզբունքներն ու դրա կազմակերպման, իրականացման, կառավարման, ֆինանսավորման ու որակի ապահովման մեխանիզմները, որոնք հետագա իրավական կարգավորումների ու գործնական կիրառման հիմք կծառայեն: Նախարարությունում լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը նոր է, 2010-ին է ստեղծվել: Հայաստանում շարունակական կրթությունը զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ «Կրթության մասին» օրենքում: Բաժնի պետ Աիդա Տիգրանյանի խոսքով՝ այդ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել մինչև այս տարեվերջ: «Մենք նախատեսում ենք փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում, որը մեզ համար հիմք կհանդիսանա ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման կարգի հաստատման ժամանակ»,- հավելում է Աիդա Տիգրանյանը:

ԿԳՆ-ը Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցելով ստեղծել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման ուղեցույց», որտեղ ներկայացված է այս գործընթացում ներգրավված տարբեր կողմերի դերն ու առաքելությունը:

Աիդա Տիգրանյանը վստահ է, որ մեր երկրում անհրաժեշտ է խթանել ու տարածել հարատև կրթության գաղափարը: Նաև գործատուներն էլ պետք է գիտակցեն այդ հանգամանքը, քանի որ այսօր ֆորմալ կրթությունից ոչ պակաս կարևոր են նաև կրթության այլ ձևերը: Աիդա Տիգրանյանն, ամփոփելով ասելիքն, ընդգծում է. «Մենք բավականին լուրջ աշխատանք ունենք անելու, և մեզ ժամանակ է հարկավոր: Իսկ հարատև կրթության գաղափարը ոչ միայն ՀՀ-ում, այլև մի շարք երկրներում առաջնային տեղ է զբաղեցնում, այսինքն, որքան կարևոր է ֆորմալ կրթությունը, այդքան էլ կարևոր է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը»:

Ժամանակները փոխվում են, և ամեն նոր օր մի նոր մարտահրավեր է նետում: Մրցունակ, որակյալ, պահանջված մասնագետ լինելու, լավ աշխատանք ունենալու համար այսօր բուհում ստացած գիտելիքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակաբար սովորել, սերտել բոլոր նորարարություններն ու դրանք ներդնել ամենօրյա աշխատանքում, քանի որ 21-րդ դարում հաջողակ է նա, ով տիրապետում է գիտելիքի:

Զարուհի Քոչարյան, Լյունսե երիտասարդական ծրագիր

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s