ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Standard

Ահա և  «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթի 2-րդ մրցանակին արժանացած՝ Աննա Մուրադյանի հոդվածը:

Ցկյանս ուսումնառության հնարավորությունը կարող է փոխել մարդու կյանքը

Եթե մոտ 20 տարի առաջ հայկական իրականությունում տարօրինակ կարող էր ընկալվել  երեսունն անց անձի բարձրագույն կրթություն ստանալու կամ մասնագիտությունը փոխելու մասին միտքը, ապա այսօր իրերի դրվածքը հիմնավորապես փոխվել է:

29-ամյա Նարե Հովաննիսյանը բանասեր է և մասնագիտությունն ընտրել է սեփական կամքով՝ ներշնչվելով իր գրականության ուսուցչուհու կերպարից ու առարկայի նկատմամբ ունեցած սիրուց: Հետո սակայն նա հասկացել է, որ բանասիրական կրթությամբ չի կարողանում ռեալիզացնել իր մարդկային պոտենցիալը, քանի որ լայն  հասարակական գործունեությամբ զբաղվելու ներքին պահանջ ունի:

«Ես ինձ մեկուսացված էի զգում հասարակական կյանքից ու լայն տարանջատում տեսա աշխատաշուկայի պահանջարկի ու իմ հմտությունների միջև,- «Հետքին» ասում է նա,- այսինքն ստացվում է, որ դու կարող ես խորանալ գիտության մեջ և զբաղվել նրանով, ինչ քեզ սրտամոտ է, բայց դա պրակտիկ չէ ու չի հետաքրքրում գործատուին»:

Հետբուհական տարիների երկար ու ձիգ որոնումները Նարեին կամավորական աշխատանքերից տարել են դեպի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության, որի ընթացքում նա հասկացել է, որ ուզում է հմտանալ հասարակայնության հետ կապերի գծով մասնագիտությամբ:

«Ես հասկացա, որ ինձ մոտ շատ լավ ստացվում է հանդիպումներ կազմակերպել, խոսնակներ հրավիրել քննարկումների համար, լրատվամիջոցների հետ աշխատել,- ասում է նա,- ես տեսա, որ այդ մարդիկ մեծ պատրաստակամությամբ ընդունում են իմ հրավերներն ու այդ հանդիպում-քննարկումները հաջողությամբ են պսակվում»:

Այժմ Նարեն «Հասարակություն առանց բռնության» ՀԿ Հյուր-խոսնակ ակումբի համակարգողն է ու հստակ որոշել է, որ նորից ուսանող է դառնալու: «Հիմա արդեն ուզում եմ սովորել ոչ թե դրդված զուտ հետաքրքրությունից, այլ որոշակի փորձ ունենալով՝ դառնալ այդ ոլորտի պրոֆեսիոնալ»,- ասում է նա:

Արևմուտքում՝ սկսած 1980-ականներից, կիրառվում է Ցկյանս ուսումնառություն (ՑՈՒ) կամ Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում համակարգը, որը հիմնված է ուսման մասին տեսաբան Փոլ Լենգրանդի տեսության վրա: Այն ենթադրում է մարդու կյանքի ավանդական՝ կրթություն, աշխատանք և հետաշխատանք, փուլերի միջև սահմանի վերացում, առաջարկելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարը:

Ցկյանս ուսումնառության համակարգը հիմնավորապես արտացոլված է Եվրոպական խորհրդի  փաստաթղթերում՝ որպես եզրույթ օգտագործելով, հիմնականում, մեծահասակների կրթություն եզրը: ԵԽ այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Երիտասարդությունը շարժման մեջ», որի փոխարեն 2014թ.-ից կգործի «Էրազմուս+», «Գրունդվիգ» և այլն, իրականացվում են ոչ ֆորմալ կրթական ձևաչափով:

Հայաստանում այն մուտք է գործել 1990-ականների սկզբից, սակայն Ցկյանս ուսումնառությունը այժմ էլ դեռևս ճանաչման լայն կարիք ունի, քանի որ քչերը գիտեն այն հնարավորությունների մասին, որն ընձեռում է ՑՈՒ-ն:

«Ոչ ֆորմալ կրթության մասին տեղեկացվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, ընդ որում՝ տեղեկացված լինելու դեպքում էլ մարդիկ թերի գիտելիքներ ունեն այդ մասին ու լավ չգիտեն դրա սկզբունքները»,- «Հետքին» ասում է Թրեյներների ազգային թիմ» հկ նախագահ Արեգ Թադևոսյանը:

Թեպետ ՑՈՒ-ն կարող է իրականացվել ֆորմալ՝ այսինքն ակադեմիական, ոչ ֆորմալ և ինֆորմալ եղանակներով, սակայն ՑՈՒ-ի համար չափազանց կարևորվում է ոչ ֆորմալ ձևաչափով կրթություն ստանալու հնարավորությունը, որը հիմնված է թիրախ խմբի քաղաքացիական բազային արժեքների և մտածողության փոփոխության հիման վրա:

Մասնագիտությամբ հոգեբան Լիլիթ Մարգարյանը, ով այժմ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի հոգեբանական ակումբի անիմատոր է, «Հետքին» պատմում է, որ ոչ ֆորմալ կրթության հետ «սերտ հարաբերություններ» ունենալուց հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է:

Լիլիթը ի տարբերություն Նարեի, չի ցանկանում փոխել մասնագիտությունը, սակայն դրա մեջ հմտանալու և նորովի կիրառելու որոնումները նրան տարել են «Էսպաս» կենտրոն, որտեղ սկզբից մասնակցի կարգավիճակով հաճախել է Հոգեբանական ակումբի հանդիպումներին, այնուհետև ցանկացել է ինքը ևս դառնալ վարող:

«Ինձ դուր էր գալիս իրենց վարելու ոճն ու ազատությունը, երբ դու հարկադրված չես ինչ-որ բան անելու,- մեկնաբանում է  նա,- ես այնտեղ այնքան անհատական մոտեցում տեսա, որ դա անմիջապես ինձ գրավեց»:

Նրա կարծիքով ոչ ֆորմալ կրթության հետ շփվելու համար բոլորովին պետք չէ փոխվել. «պարզապես դրա հետ առնչվելու արդյունքում ինքը քեզ կփոխի»:

Ոչ ֆորմալ կրթական ձևաչափով ուսուցանող թրեյներն աշխատում է թիրախ խմբի մոտիվացիոն դաշտի հետ, որպեսզ վերջիններս կարողանան իրենց համար ձևակերպել, թե որն է իրենց խնդիրը և ինչպես կարող են այն լուծել:

Ոչ ֆորմալ կրթության մասին ՀՀ կառավարությունը 2006թ. ընդունել է հայեցակարգ, որով սահմանվում են ոլորտին առնչվող հասկացություններն ու սուբյեկտները, ինչպես նաև հստակեցվում են քաղաքականության սկզբունքներն ու խնդիրները:

Որ ֆորմալ կրթության խնդիրներից մեկը, որը արդիական է նաև Արևմուտքում, ձեռք բերված գիտելիքների ճանաչողության հարցն է գործատուների և պետական կառույցների կողմից: Այսինքն, անձը՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու և համապատասխան սերտիֆիկատ ստանալու արդյունքում չի կարողանում փաստաթղթային հիմնավորում ներկայացնել, քանի որ գործատուն՝ պետության հետ ունեցած իրավական հարաբերությունների հիման վրա՝ այդ գիտելիքի համար տրված սերտիֆիկատի ճանաչողության խնդիր ունի:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարի մշակելով երիտասարդության քաղաքականություն ռազմավարությունը՝  տվյալ խնդրի լուծումը համարել է առաջնահերթություն:

«Բայց առաջնահերթություն համարելը մի բան է, իսկ այդ ուղղությամբ ինչ-որ բան անելը՝ մեկ այլ բան,- մեկնաբանում է Թադևոսյանը,- և թե ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, դեռևս անհայտ է»:

«Եթե մոտ 20 տարի առաջ մենք շվարած նայում էինք, թե Եվրոպայում այդ ուղղությամբ որտեղ են հասել ու շատ շնորհակալ էինք, որ դրսից ինչ-որ մեկը կարող էր մեր համար թրեյնինգ անել, ապա այսօր մեր մասնագետները ոչնչով չեն զիջում դրսի լավագույն թրեյներներին»,- ասում է նա:

Թադևոսյանը մատնանշում է այս ոլորտում առկա խնդիրներից մեկը. ոչ ֆորմալ կրթության լավագույն մասնագետները հեռանում են երկրից, քանի որ դրսում որակյալ թրեյներների մեծ պահանջարկ կա՝ բնականաբար, շատ ավելի բարձր վարձատրությամբ:

«Մյուս խնդիրն էլ կորպորատիվ հիմունքներով բիզնես թրեյնինգների անցկացումն է, որի դիմաց թրեյները վարձատրվում է 10-15 անգամ ավելի շատ, սակայն, որը ոչ մի կապ չունի ոչ ֆորմալ կրթության հետ,- ասում է Թադևոսյանը,- լսարանի հետ ինտերակտիվ մեթոդով թրեյնինգ վարել շատերը կարող են, ընդ որում՝ հաճախորդը մեծ մասամբ գոհ է մնում, բայց դա ոչ ֆորմալ կրթություն չէ»:

Լիլիթը նշում է ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության միջև՝ իր համար նշանակալի մեկ տարբերություն ևս. եթե ֆորմալ կրթության դեպքում սովորողն անընդհատ վախի զգացում ունի, թե ինչ-որ բան ասելիս կարող է սխալ ընկալվել և մեղմ ասած՝ հիմարի տպավորություն թողնել, ապա ոչ ֆորմալի դեպքում ուսուցանողն ու ուսուցանվողը գտնվում են հորիզոնական հարթությունների վրա, և դասըթնացի հիմնական արդյունքը հիմնված է հենց ուսուցանվողների դուրս բերած մտքերի վրա:

Ցկյանս ուսումնառության կամ շարունակական կրթության հնարավորությունը անձի համար լուծում է ժողովրդավարական հասարակությունում ապրելու և անըդմեջ զարգանալու հնարավորությունների ձեռքբերման կարիքը:

Հայաստանում ՑՈՒ գաղափարները տարածում է «Ցկյանս Ուսումնառության հայաստանյան լիգա»կազմակերպությունը:

Աննա Մուրադյան

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s