Ի՞նչ կասեր Րաֆֆին իր «Կայծեր» վեպում մեր օրերի կրթության մասին

Standard

բյուր

Հիշու՞մ եք դպրոցական տարիները, երբ հայ դասական գրողների ստեղծագործությունները ուսումնական ծրագրի անբաժան մասն էին կազմում (և  մինչ օրս էլ կան): «Ամեն նոր լավ մոռացված հինն է» ասացվածքն առավել քան արդիական է. այն թույլ է տալիս նորովի գնահատել և վերաիմաստավորել անցյալից եկած գրական և մշակութային ժառանգությունը՝ կարևոր դասեր քաղելով մեր պատմությունիցԲլոգեր Բյուրակն Իշխանյանը, վերընթերցել է դպրոցական տարիներին շատերիս պարտադրված (չէ՞ որ վաղ տարիներին հնարավորություն չունեինք ինքնաբացահայտելու դասական գրականությունը) Րաֆֆու «Կայծեր» վեպը և յուրովի է մեկնաբանել այս  լայնածավալ ստեղծագործությունը: Ստորև մեջբերում ենք Բյուրակնի բլոգից քաղված (և փոքր-ինչ խմբագրված) մտորումները  վեպում շեշտադրվող կրթության գաղափարների շուրջ, որոնց միջոցով  նա համեմատականներ է տանում Րաֆֆու ժամանակաշրջանի և ներկայիս Հայաստանի կրթական իրողության և կարիքների մասին:

«Պարզաբանեմ, թե ինչու հանկարծ որոշեցի ժամանակին այնքան էլ դուրս չեկած 800 էջանոց այս երկհատորյակը վերընթերցել:  Աղոտ հիշում էի, որ վեպի հերոսներն արտասահմանում կրթություն էին ստացել, վերադարձել Հայաստան՝ փորձելով ինչ-որ բան փոխել: Ինձ հետաքրքիր էր՝ Րաֆֆին ոնց էր մոտենում էդ հարցին, ինչպես էր դասավորում իր հերոսների կյանքը, ինչի էին հասնում դրսում կրթություն ստացածները: [Խմբ.- Հեղինակը նույնպես կրթություն է ստացել արտերկրում և վերադարձել հայրենիք]

Իսկապես, կրթությունն ու ինքնակրթությունը վեպի կենտրոնական թեմաներն են: Րաֆֆին  հաճախ է շոշափվում «տերթոդիկյան» կրթական մոդելը ու թե որքան վատն է այն, որ նախատեսված է ժողովրդին ստրկացնելու համար, որ անիմաստ ու ոչ կիրառելի գիտելիք է լցնում մարդու ուղեղը: Միևնույն ժամանակ նա մշտապես շեշտադրում է կրթության կարևորությունը: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն  հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում,  հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից և նորմալ բնակարաններ կառուցում:

Այլ հերոսներից Ջալլադը, լինելով բողոքական, կարողանում է  հայությունից հրաժարված ժողովրդին նորից հայ դարձնել:  Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է,  և իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝  այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երևի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է  ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում:

Րաֆֆին կարևորում է նաև կանանց կրթությունը: Մի դրվագում խոսում է օրիորդաց դպրոցի մասին, սակայն կրոնավորները փակել են տալիս այն: Բայց մեկ այլ դրվագում արդեն Կարոյի ու Սագոյի աղջիկները դպրոց են գնում: Իսկ Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:

Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարևորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնանԳրքի ուրախ ավարտը հուշում է, որ մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին: Րաֆֆին հուշում է մեզ, որ անգամ մի քանի հոգին կարող են շատ բան փոխել:

Ես հավատում եմ Րաֆֆու առաջարկած մոդելին ու դա բերում մեր օրեր: Այսօր հայկական կրթական համակարգը պատկերավոր ասած տերթոդիկյան մոդելով է աշխատում. լիքը անգիր արած ինֆորմացիա, որը ոչ մի կերպ չի նպաստում ավելի լավ ապրելուն: Մյուս կողմից, բազմաթիվ հայ երիտասարդներ ձգտում են ավելի որակյալ կրթություն ստանալ ու մեկնում են արտասահման (կամ զբաղվում են ինքնակրթությամբ, եկեք դա էլ չանտեսենք): Մնում է, որ մյուս օղակը չկտրվի, որ այդ բոլորը մի օր վերադառնան Հայաստան ու առանց «քթները վեր ցցելու» աշխատեն մյուսների կողքին, օրինակ ծառայեն, սովորեցնեն, և «տերթոդիկյան» մոդելի քոքը կտրեն: Դժվար է ասել՝ կլինի այդպես, թե ոչ: Բայց վստահ եմ, որ դա մեր երկրի փրկության միակ ուղին է:

Հոդվածի  բնօրինակին կարող եք ծանոթանալ ՝ հետևելով հղմանը:

 

Leave a comment