Tag Archives: ոչ ֆորմալ կրթություն

ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Standard

Ահա և  «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթի 2-րդ մրցանակին արժանացած՝ Աննա Մուրադյանի հոդվածը:

Ցկյանս ուսումնառության հնարավորությունը կարող է փոխել մարդու կյանքը

Եթե մոտ 20 տարի առաջ հայկական իրականությունում տարօրինակ կարող էր ընկալվել  երեսունն անց անձի բարձրագույն կրթություն ստանալու կամ մասնագիտությունը փոխելու մասին միտքը, ապա այսօր իրերի դրվածքը հիմնավորապես փոխվել է:

29-ամյա Նարե Հովաննիսյանը բանասեր է և մասնագիտությունն ընտրել է սեփական կամքով՝ ներշնչվելով իր գրականության ուսուցչուհու կերպարից ու առարկայի նկատմամբ ունեցած սիրուց: Հետո սակայն նա հասկացել է, որ բանասիրական կրթությամբ չի կարողանում ռեալիզացնել իր մարդկային պոտենցիալը, քանի որ լայն  հասարակական գործունեությամբ զբաղվելու ներքին պահանջ ունի:

«Ես ինձ մեկուսացված էի զգում հասարակական կյանքից ու լայն տարանջատում տեսա աշխատաշուկայի պահանջարկի ու իմ հմտությունների միջև,- «Հետքին» ասում է նա,- այսինքն ստացվում է, որ դու կարող ես խորանալ գիտության մեջ և զբաղվել նրանով, ինչ քեզ սրտամոտ է, բայց դա պրակտիկ չէ ու չի հետաքրքրում գործատուին»:

Հետբուհական տարիների երկար ու ձիգ որոնումները Նարեին կամավորական աշխատանքերից տարել են դեպի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության, որի ընթացքում նա հասկացել է, որ ուզում է հմտանալ հասարակայնության հետ կապերի գծով մասնագիտությամբ:

«Ես հասկացա, որ ինձ մոտ շատ լավ ստացվում է հանդիպումներ կազմակերպել, խոսնակներ հրավիրել քննարկումների համար, լրատվամիջոցների հետ աշխատել,- ասում է նա,- ես տեսա, որ այդ մարդիկ մեծ պատրաստակամությամբ ընդունում են իմ հրավերներն ու այդ հանդիպում-քննարկումները հաջողությամբ են պսակվում»:

Այժմ Նարեն «Հասարակություն առանց բռնության» ՀԿ Հյուր-խոսնակ ակումբի համակարգողն է ու հստակ որոշել է, որ նորից ուսանող է դառնալու: «Հիմա արդեն ուզում եմ սովորել ոչ թե դրդված զուտ հետաքրքրությունից, այլ որոշակի փորձ ունենալով՝ դառնալ այդ ոլորտի պրոֆեսիոնալ»,- ասում է նա:

Արևմուտքում՝ սկսած 1980-ականներից, կիրառվում է Ցկյանս ուսումնառություն (ՑՈՒ) կամ Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում համակարգը, որը հիմնված է ուսման մասին տեսաբան Փոլ Լենգրանդի տեսության վրա: Այն ենթադրում է մարդու կյանքի ավանդական՝ կրթություն, աշխատանք և հետաշխատանք, փուլերի միջև սահմանի վերացում, առաջարկելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարը:

Ցկյանս ուսումնառության համակարգը հիմնավորապես արտացոլված է Եվրոպական խորհրդի  փաստաթղթերում՝ որպես եզրույթ օգտագործելով, հիմնականում, մեծահասակների կրթություն եզրը: ԵԽ այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Երիտասարդությունը շարժման մեջ», որի փոխարեն 2014թ.-ից կգործի «Էրազմուս+», «Գրունդվիգ» և այլն, իրականացվում են ոչ ֆորմալ կրթական ձևաչափով:

Հայաստանում այն մուտք է գործել 1990-ականների սկզբից, սակայն Ցկյանս ուսումնառությունը այժմ էլ դեռևս ճանաչման լայն կարիք ունի, քանի որ քչերը գիտեն այն հնարավորությունների մասին, որն ընձեռում է ՑՈՒ-ն:

«Ոչ ֆորմալ կրթության մասին տեղեկացվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, ընդ որում՝ տեղեկացված լինելու դեպքում էլ մարդիկ թերի գիտելիքներ ունեն այդ մասին ու լավ չգիտեն դրա սկզբունքները»,- «Հետքին» ասում է Թրեյներների ազգային թիմ» հկ նախագահ Արեգ Թադևոսյանը:

Թեպետ ՑՈՒ-ն կարող է իրականացվել ֆորմալ՝ այսինքն ակադեմիական, ոչ ֆորմալ և ինֆորմալ եղանակներով, սակայն ՑՈՒ-ի համար չափազանց կարևորվում է ոչ ֆորմալ ձևաչափով կրթություն ստանալու հնարավորությունը, որը հիմնված է թիրախ խմբի քաղաքացիական բազային արժեքների և մտածողության փոփոխության հիման վրա:

Մասնագիտությամբ հոգեբան Լիլիթ Մարգարյանը, ով այժմ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի հոգեբանական ակումբի անիմատոր է, «Հետքին» պատմում է, որ ոչ ֆորմալ կրթության հետ «սերտ հարաբերություններ» ունենալուց հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է:

Լիլիթը ի տարբերություն Նարեի, չի ցանկանում փոխել մասնագիտությունը, սակայն դրա մեջ հմտանալու և նորովի կիրառելու որոնումները նրան տարել են «Էսպաս» կենտրոն, որտեղ սկզբից մասնակցի կարգավիճակով հաճախել է Հոգեբանական ակումբի հանդիպումներին, այնուհետև ցանկացել է ինքը ևս դառնալ վարող:

«Ինձ դուր էր գալիս իրենց վարելու ոճն ու ազատությունը, երբ դու հարկադրված չես ինչ-որ բան անելու,- մեկնաբանում է  նա,- ես այնտեղ այնքան անհատական մոտեցում տեսա, որ դա անմիջապես ինձ գրավեց»:

Նրա կարծիքով ոչ ֆորմալ կրթության հետ շփվելու համար բոլորովին պետք չէ փոխվել. «պարզապես դրա հետ առնչվելու արդյունքում ինքը քեզ կփոխի»:

Ոչ ֆորմալ կրթական ձևաչափով ուսուցանող թրեյներն աշխատում է թիրախ խմբի մոտիվացիոն դաշտի հետ, որպեսզ վերջիններս կարողանան իրենց համար ձևակերպել, թե որն է իրենց խնդիրը և ինչպես կարող են այն լուծել:

Ոչ ֆորմալ կրթության մասին ՀՀ կառավարությունը 2006թ. ընդունել է հայեցակարգ, որով սահմանվում են ոլորտին առնչվող հասկացություններն ու սուբյեկտները, ինչպես նաև հստակեցվում են քաղաքականության սկզբունքներն ու խնդիրները:

Որ ֆորմալ կրթության խնդիրներից մեկը, որը արդիական է նաև Արևմուտքում, ձեռք բերված գիտելիքների ճանաչողության հարցն է գործատուների և պետական կառույցների կողմից: Այսինքն, անձը՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու և համապատասխան սերտիֆիկատ ստանալու արդյունքում չի կարողանում փաստաթղթային հիմնավորում ներկայացնել, քանի որ գործատուն՝ պետության հետ ունեցած իրավական հարաբերությունների հիման վրա՝ այդ գիտելիքի համար տրված սերտիֆիկատի ճանաչողության խնդիր ունի:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարի մշակելով երիտասարդության քաղաքականություն ռազմավարությունը՝  տվյալ խնդրի լուծումը համարել է առաջնահերթություն:

«Բայց առաջնահերթություն համարելը մի բան է, իսկ այդ ուղղությամբ ինչ-որ բան անելը՝ մեկ այլ բան,- մեկնաբանում է Թադևոսյանը,- և թե ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, դեռևս անհայտ է»:

«Եթե մոտ 20 տարի առաջ մենք շվարած նայում էինք, թե Եվրոպայում այդ ուղղությամբ որտեղ են հասել ու շատ շնորհակալ էինք, որ դրսից ինչ-որ մեկը կարող էր մեր համար թրեյնինգ անել, ապա այսօր մեր մասնագետները ոչնչով չեն զիջում դրսի լավագույն թրեյներներին»,- ասում է նա:

Թադևոսյանը մատնանշում է այս ոլորտում առկա խնդիրներից մեկը. ոչ ֆորմալ կրթության լավագույն մասնագետները հեռանում են երկրից, քանի որ դրսում որակյալ թրեյներների մեծ պահանջարկ կա՝ բնականաբար, շատ ավելի բարձր վարձատրությամբ:

«Մյուս խնդիրն էլ կորպորատիվ հիմունքներով բիզնես թրեյնինգների անցկացումն է, որի դիմաց թրեյները վարձատրվում է 10-15 անգամ ավելի շատ, սակայն, որը ոչ մի կապ չունի ոչ ֆորմալ կրթության հետ,- ասում է Թադևոսյանը,- լսարանի հետ ինտերակտիվ մեթոդով թրեյնինգ վարել շատերը կարող են, ընդ որում՝ հաճախորդը մեծ մասամբ գոհ է մնում, բայց դա ոչ ֆորմալ կրթություն չէ»:

Լիլիթը նշում է ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության միջև՝ իր համար նշանակալի մեկ տարբերություն ևս. եթե ֆորմալ կրթության դեպքում սովորողն անընդհատ վախի զգացում ունի, թե ինչ-որ բան ասելիս կարող է սխալ ընկալվել և մեղմ ասած՝ հիմարի տպավորություն թողնել, ապա ոչ ֆորմալի դեպքում ուսուցանողն ու ուսուցանվողը գտնվում են հորիզոնական հարթությունների վրա, և դասըթնացի հիմնական արդյունքը հիմնված է հենց ուսուցանվողների դուրս բերած մտքերի վրա:

Ցկյանս ուսումնառության կամ շարունակական կրթության հնարավորությունը անձի համար լուծում է ժողովրդավարական հասարակությունում ապրելու և անըդմեջ զարգանալու հնարավորությունների ձեռքբերման կարիքը:

Հայաստանում ՑՈՒ գաղափարները տարածում է «Ցկյանս Ուսումնառության հայաստանյան լիգա»կազմակերպությունը:

Աննա Մուրադյան

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Standard

Ինչպես խոստացել էինք մեր ֆեյսբուքյան էջում, Ձեզ ենք ներկայացնում «ՑՈՒ լավագույն հոդված և տեսանյութ» լրագրողական մրցույթում առաջին մրցանակին արժանացած՝ Զարուհի Քոչարյանի հոդվածը:

Zaruhi KocharyanՍովորում ենք ողջ կյանքի ընթացքում

Աստղիկ Զաքարյանը մենեջեր է և աշխատում է «Էլիպս» ընկերությունում: Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանն ավարտելուց 11 տարի անց Աստղիկը սեփական գիտելիքների մակարդակը ստուգելու համար հանձնեց ընդունելության քննություններ անգլերեն ու մաթեմատիկա առարկաներից: Եվ ի զարմանս իրեն` ընդունվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Հիմա նա ուսանող է: Աստղիկ Զաքարյան. «Ընթացիկ աշխատանքի ժամանակ զգում էի հիմնական գիտելիքի պակաս, որովհետև փորձը տարբերվում է հիմնական օրենքներից: Երկրորդ պատճառն այն է, որ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտություն կա միշտ լինել տեղեկացված, վերջին գիտելիքները ստացած: Երրորդ պատճառը, կարծում եմ, շատ մայրիկներ ինձ կհասկանան: Երեխաների ծնվելուց հետո գալիս է մի պահ, երբ ինքնագնահատականը բարձրացնելու կարիք է լինում»:

Աստղիկը 2 երեխաների մայր է: Ասում է՝ եթե չլիներ ամուսնու և տնեցիների աջակցությունը, ապա նա չէր գնա սովորելու: Մեկուկես ամսվա ուսումնառության դրական փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են և օգնում են աշխատավայրում: Աստղիկ Զաքարյանը նշում է. «Կան շատ բաներ, որոնց մասին ես գիտեի և իրականում օգտագործում էի միայն փորձի արդյունքում: Հետո պարզեցի, որ եթե ես դրանց մասին շուտ իմանայի, հենց սկզբից էլ կկիրառեի: Այսինքն՝ ոչ թե երկար տարիներ կկորցնեի, այլ ի սկզբանե կիմանայի սրա ձևն այսպես է: Կան շատ նորամուծություններ այս ոլորտում: Ամեն դեպքում 10 տարին մեծ ընդմիջում է»:

Սեփական փորձով է երիտասարդ մայրիկը համոզվել, որ 30 տարեկանից հետո առավել կարևոր է դառնում նոր բան սովորելը:

Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ստեղծվեց Մեծահասակների կրթության կենտրոն: Հիմնադիրը ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայաստանյան գրասենյակն է: Դվվ Ինթերնեյշնլը Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտ է, որը միավորում է Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող, այսպես կոչված, ժողովրդական բարձրագույն դպրոցները: Այդ կենտրոնները զանազան կրթական ծրագրեր, երկարատև ու կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ ու դասընթացներ են իրականացնում մեծահասակների համար՝ առաջնորդվելով Գերմանիայի աշխատաշուկայում առկա պահանջներով: Հենց այդ մոդելով է 2009-ին Իջևանում և 2013-ին Սիսիանում ստեղծվել Մեծահասակների կրթության կենտրոնը: Այդ կենտրոնում մարդիկ ձեռք են բերում նոր մասնագիտություն ու հետագայում նաև լավ աշխատանք գտնում: Դասընթացների ցանկը կազմելիս առաջնորդվում են այդ բնակավայրում աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Զրուցակիցս ԴՎՎ Ինթերնեյշընըլ կազմակերպության հայսատանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանն է. «Մենք ունենք ստանդարտ կուրսեր՝ համակարգչային դասեր, գործավարություն, հաշվապահություն սկսնակների համար: Դրան զուգահեռ, օրինակ, Իջևանի կենտրոնում մենք իրականացնում ենք վիտրաժի դասընթաց: Ձեռագործական հմտություններ էլ ենք սովորեցնում, որպեսզի մարդիկ ինքնազբաղ լինեն, կարողանան իրենց ձեռքի աշխատանքը վաճառել»:

Լուսինե Խառատյանը նկատել է, որ 30 տարեկանից բարձր մարդիկ ավելի մեծ նվիրվածությամբ են մասնակցում նմանօրինակ դասընթացների: Հետաքրքրական է, որ այդ դասընթացներին հիմնականում կանայք են մասնակցում, հատուկենտ դասեր են, որտեղ բացառապես տղամարդիկ են:

«Սովորաբար կանայք ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Բացատրությունները շատ են: Տղամարդիկ մտածում են աշխատելու մասին և չեն գնում սովորելու: Հետո տղամարդկանց մի մասը Հայաստանում չէ, շատերը արտասահմանում են աշխատում: Երրորդ բացատրությունն այն է, որ տղամարդիկ չեն ուզում ժամանակ կորցնել սովորելու վրա: Բայց հետաքրքիրն այն է, որ, օրինակ, երբ մենք Գյումրիում անցկացնում էինք կահույքագործության դասընթացներ, կին մասնակից չունեինք: Եվ այդ մասնակից տղամարդկանցից շատերը հետագայում կարողացան լավ աշխատանք գտնել՝ որպես կահույքագործ», սա Լուսինե Խառատյանի դիտարկումն է: Նա համոզված է, որ կրթության շնորհիվ հնարավոր է պայքարել աղքատության դեմ, քանի որ անդադար սովորող մարդը չի կարող պարզապես չգտնել լավ աշխատանք:

Եվրոպական շատ երկրներում եկել են այն համոզման, որ 21-րդ դարում կրթությունն առաջին անհրաժեշտության գործիք է, և այն պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին: Այդ նպատակով եվրոպական կրթական համակարգում արդեն մի քանի տարի է ներդրվել է շարունակական կամ հարատև կրթություն հասկացությունը: Շարունակական կրթությունն անձի ողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության շնորհիվ ձեռք բերած գիտելիքներն են, որով անհատը բարելավում է իր կարողություններն ու արժեքային համակարգը՝ այն համապատասխանեցնելով աշխատանքային գործընթացի պահանջներին: Մեր երկրում լրացուցիչ և շարունակական կրթությունը իրականացվում է վերապատրաստումների տարբերակով: «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի փոխնախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Պիպոյանն արդեն մի քանի տարի է՝ ներգրավված է մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում: Նա համոզվել է, որ այդ համակարգն օգնում է մարդուն մրցունակ ու ճկուն լինել կյանքի բոլոր փուլերում: «Նախորդ հասարակարգում մարդիկ, մեկ անգամ կրթություն ստանալով, կարծես թե հաստատագրված փորձում էին իրենց տեղն ունենալ հասարակության մեջ և աշխատում էին մի կառույցում և սակավաթիվ վերապատրաստումների էին մասնակցում: Ներկայում հարահոս է կյանքը, և այնպիսի արագությամբ են փոփոխվում տեխնոլոգիաները, որ արդեն 2-3 տարի առաջվա շրջանավարտը նոր պայմաններին չի կարող բավարարել և այդ իմաստով նա անընդհատ կարիք ունի վերապատրաստման: Այսինքն՝ նոր կարողություններ պետք է ձեռք բերի, որոնք ավելի ճկուն կդարձնեն նրան», – ասում է Սամվել Պիպոյանը:

Շարունակական կրթությունը նոր-նոր է ներդրվում Հայաստանում, թեև 2000-ականների սկզբին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տարբեր վերապատրաստումներ էին իրականացնում: Վերապատրաստումներն ու մասնագիտական ուսուցման ծրագրերն այսօր ավելի շատ են, քան նախկինում, և բազմաթիվ մարդիկ են մասնակցում դրանց, սակայն կա մի լուրջ խնդիր: Սամվել Պիպոյանի կարծիքով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքում տվյալ մարդու ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները լիցենզավորելու և իրավական տեսանկյունից ճանաչելու խնդիր կա: Սամվել Պիպոյանը նկատում է. «Չկա մի օրենք, որը կկարգավորի այս ոլորտը: Օրինակ՝ հետբուհական կրթությունից հետո, եթե անհատը այս կամ այն կրթական ծրագրի է մասնակցել, նոր գիտելիքներ ձեռք բերել, ապա ինչպիսի՞ն է նրա կարգավիճակը, ինչպե՞ս և ո՞վ պետք է ճանաչի նրա ստացած կրթությունը, որպեսզի այդ մարդը պաշտպանված լինի: Այսինքն, այսօր Հայաստանում չկա մի կառույց կամ այնպիսի օրենսդրական փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ մարդը տիրապետում է այս կամ այն հմտությանը: Իմ անձնական կարծիքով՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ստեղծվեն տարբեր հանձնաժողովներ, կամ առանձին կառույց, կամ մարդկանց մի խումբ, որոնց կտրվեն լիազորություններ՝ հավաստագրելու այս կամ այն մարդուն, նրա գիտելիքներն ու կարողությունները»:

Այն, որ շարունակական կրթության ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը վերանայման կարիք ունի, գիտեն նաև ՀՀ ԿԳՆ-ում: Այնտեղ նաև մշակվել է Հայաստանի հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության 2013-2017 թվականների ռազմավարությունը, որի նպատակն է նախանշել Հայաստանում ոլորտի բարելավմանն ուղղված ռազմավարական հիմնական ուղղությունները, բոլորի համար հարատև կրթության հավասարապես մատչելի ապահովման հիմնական սկզբունքներն ու դրա կազմակերպման, իրականացման, կառավարման, ֆինանսավորման ու որակի ապահովման մեխանիզմները, որոնք հետագա իրավական կարգավորումների ու գործնական կիրառման հիմք կծառայեն: Նախարարությունում լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը նոր է, 2010-ին է ստեղծվել: Հայաստանում շարունակական կրթությունը զարգացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ «Կրթության մասին» օրենքում: Բաժնի պետ Աիդա Տիգրանյանի խոսքով՝ այդ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել մինչև այս տարեվերջ: «Մենք նախատեսում ենք փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում, որը մեզ համար հիմք կհանդիսանա ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման կարգի հաստատման ժամանակ»,- հավելում է Աիդա Տիգրանյանը:

ԿԳՆ-ը Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցելով ստեղծել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման ուղեցույց», որտեղ ներկայացված է այս գործընթացում ներգրավված տարբեր կողմերի դերն ու առաքելությունը:

Աիդա Տիգրանյանը վստահ է, որ մեր երկրում անհրաժեշտ է խթանել ու տարածել հարատև կրթության գաղափարը: Նաև գործատուներն էլ պետք է գիտակցեն այդ հանգամանքը, քանի որ այսօր ֆորմալ կրթությունից ոչ պակաս կարևոր են նաև կրթության այլ ձևերը: Աիդա Տիգրանյանն, ամփոփելով ասելիքն, ընդգծում է. «Մենք բավականին լուրջ աշխատանք ունենք անելու, և մեզ ժամանակ է հարկավոր: Իսկ հարատև կրթության գաղափարը ոչ միայն ՀՀ-ում, այլև մի շարք երկրներում առաջնային տեղ է զբաղեցնում, այսինքն, որքան կարևոր է ֆորմալ կրթությունը, այդքան էլ կարևոր է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը»:

Ժամանակները փոխվում են, և ամեն նոր օր մի նոր մարտահրավեր է նետում: Մրցունակ, որակյալ, պահանջված մասնագետ լինելու, լավ աշխատանք ունենալու համար այսօր բուհում ստացած գիտելիքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակաբար սովորել, սերտել բոլոր նորարարություններն ու դրանք ներդնել ամենօրյա աշխատանքում, քանի որ 21-րդ դարում հաջողակ է նա, ով տիրապետում է գիտելիքի:

Զարուհի Քոչարյան, Լյունսե երիտասարդական ծրագիր

Նյութի հղումն ու ամբողջական հոդվածը՝ այստեղ

Ի՞նչ է Ցկյանս Ուսումնառությունը

Standard

Ցկյանս ուսումնառությունը լայնորեն սահմանվում է որպես ողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող ուսում/կրթություն, որը ճկուն է, բազմազան և հասանելի է մարդկանց կյանքի տարբեր փուլերում և վայրերում: Ցկյանս ուսումնառությունը գտնվում է կրթական, հասարակական և աշխատանքային ոլորտների հատման կետում և նպաստում է ուսման հնարավորությունների բազմազանությանը` չսահմանափակվելով ավանդական կրթական համակարգով կամ պարտադիր կրթությամբ: Այս սահմանումը հիմնվում է Դելորսի զեկույցում (1996թ.) նշված ուսումնառության «սովորելու չորս սյուների» վրա.

  • Սովորում եմ իմանալ.  Ենթադրում է ոչ թե համակարգված գիտելիքների ձեռքբերում, այլ գիտելիքի աստիճանական յուրացում` հարմարեցված անհատական հատկանիշներին
  • Սովորում եմ անել. Ապահովում է ներկայում և ապագայում պահանջվող աշխատանքային հմտությունները՝ ներառյալ նորարարությունն ու ուսումնառության համապատասխանեցումը ապագա աշխատանքային միջավայրին
  • Սովորում եմ գոյակցել ուրիշների հետ. Կենտրոնանում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման, այլ մշակույթների հետ գոյակցման, համայնքների կարողությունների և անհատական ​​հմտությունների զարգացման, տնտեսական ճկունության և սոցիալական ներառման խնդիրների վրա
  • Սովորում եմ լինել/դառնալ. Նպաստում է մարդու մտավոր ու ֆիզիկական կարողությունների, զգայունության, ներդաշնակության և գեղագիտական գնահատման ամբողջական զարգացմանը

Այս չորս սյուները կազմավորում են «Սովորում եմ սովորել» հենասյունը:

Ցկյանս ուսումնառությունը մարդկանց մեջ կարող է սերմանել ստեղծագործականություն, նախաձեռնություն և պատասխանատվություն, հասարակությանը հարմարվելու հնարավորություն՝ հմտություներրի զարգացման միջոցով՝

  • անորոշությունը կառավարելու,
  • մշակույթների, ենթամշակույթների, ընտանիքների և համայնքների ներսում հաղորդակցվելու,
  • հակամարտությունների շուրջ բանակցելու համար:

Եվրոպական հանձնաժողովը գտնում է, որ ցկյանս ուսումնառությունն ունի «չորս ընդհանուր և փոխաջակցող նպատակներ` կյանքի հանդեպ բավարարվածություն, ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ներգրավվածություն և աշխատունակություն/հարմարվողականություն»: Այս առումով, ցկյանս ուսումնառությունն ունի համընդգրկուն չափանիշներ, որոնք գերազանցում են տնտեսական և մասնագիտական ​​նեղ ոլորտները:

Ցկյանս ուսումնառության եվրոպական նախաձեռնությունը ցկյանս ուսումնառությունը սահմանում է որպես «… աջակցող շարունակական գործընթաց, որը խրախուսում է անհատներին ձեռք բերել բոլոր այն գիտելիքները, հմտություններն ու արժեքները, որոնց պահանջը կունենան ողջ կյանքի ընթացքում, և բոլոր միջավայրներում կիրառել դրանք վստահությամբ, ստեղծագործականությամբ և հաճույքով»:

Ցկյանս ուսումնառությունը դիտվում է որպես կրթության ամբողջական պատկեր և ճանաչում է ուսումնառությունը տարբեր միջավայրերում: Այն արտահայտվում է երկու մակարդակներում` անհատական և հասարակական:

  1. Անհատական մակարդակում ցկյանս ուսումնառությունը այն գաղափարային հենքն է, որի շնորհիվ անհատը կարող է  ուսումնառել կյանքի ցանկացած փուլում:
  2. Հասարակական մակարդակում ցկյանս ուսումնառությունը կրթության ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ձևերը ճանաչող համընդգրկուն կրթական համակարգն է:

Անհատական մակարդակում ցկյանս ուսումնառությունը առավել ընկալելի է և պակաս խնդրահարույց, քանի որ արտացոլում է անհատի` ողջ կյանքի ընթացքում ուսումնառելու գաղափարը: Քանի որ գիտելիքներն ու հմտությունները կարող են կորցնել իրենց կիրառելիությունը, անհատից պահանջվում է շարունակաբար թարմացնել դրանք` հարմարեցնելով ժամանակի պահանջներին:

Հասարակական մակարդում ցկյանս ուսումնառությունն ավելի բարդ է իրականացման տեսանկյունից. այն շատ ծավալուն է` բաղկացած ուսումնառության տարաբնույթ և բազմաթիվ տեսակներից:

Ֆորմալ Ոչ ֆորմալ Ինֆորմալ
Համալսարաններ Աշխատաշուկայի ծրագրեր Գրադարաններ
ՄԿՈՒ իրականացնողներ Ուսուցում աշխատավայրում Թանգարաններ
Ավագ դպրոցներ Աշխատանքային պրակտիկա Արվեստի պատկերասրահներ
Տարրական դպրոցներ Ուսուցում Հասարակական կազմակերպություններում Խաղահրապարակներ
Նախադպրոցական հաստատություններ Երեխաների խնամքի կենտրոններ Ընտանիքներ
Ուսուցման խմբակներ Մեծահասակների կենտրոններ

Ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնական միջավայրերի միջև տարբերությունը գրեթե այնտեղ է, որտեղ տեղի է ունենում ուսումնառությունը: Ֆորմալ ուսումնառությունը տեղի է ունենում այն հաստատություններում, որոնք ի սկզբանե հիմնադրվել են կրթություն և ուսուցում իրականացնելու համար՝ հաճախ հանգեցնելով ճանաչված արդյունքների և որակավորումների: Չնայած ոչ ֆորմալ ուսումնառությունն ակնկալում է կրթության և ուսուցման վերջնարդյունքը, այնուամենայնիվ,  այն հաճախ այնպիսի տարածքներում է իրականացվում, որոնք ուսումնառության խնդիր չեն հետապնդում:

“Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը ցկյանս ուսումնառության մասին հասարակությանը տեղեկատվություն հաղորդելն է”

Standard

???????????????????????????????2013թ. սեպտեմբերի 11-ին, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան դի-վի-վի ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ անցկացրեց «Ցկյանս ուսումնառություն» թեմայով լրագրողական դասընթաց, որին մասնակցեցին տարբեր լրատվամիջոցների 16 լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Լիգայի նախագահ Արամ Ավագյանը, ով ներկայացրեց Լիգան՝ իր նպատակներով ու առաքելությամբ հանդերձ, ինչպես նաև խոսեց դի-վի-վի ինթերնեյշնալի հետ մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ոլորտում Լիգայի համագործակցության մասին: Դասընթացի մասնակիցների՝ ՑՈՒ ոլորտում իրազեկության մակարդակը բացահայտելու համար խաղային (ոչ ֆորմալ) մեթոդ կիրառվեց, որի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում էր ստանալ իրեն տրված հարցի պատասխանը մյուս մասնակցից և գրի առնել հիմնական գաղափարները: Արդյունքում պարզ դարձավ, որ մասնակից լրագրողների մեծ մասը բավականին իրազեկ էր ՑՈՒ ոլորտի մասին, սակայն ավելի մանրամասն ծանոթության կարիք կար: Ուստի, մասնակիցներին ներակայացվեց ՑՈՒ գաղափարը, քաղաքականությունն ու ԵՄ համակարգը, մանրամասն խոսվեց նաև մեծահասակների կրթության, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, ինչպես նաև ինֆորմալ ուսումնառության մասին:

???????????????????????????????Դասընթացի երկրորդ հատվածում Լիգայի անդամ կազմակերպության՝ «Մասնագիտական բարեփոխումներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սամվել Պիպոյանը ներկայացրեց ՑՈՒ-ն Հայաստանում և դրա լուսաբանման հետ կապված խնդիրները: Ինտերակտիվ քննարկման միջոցով հաջողվեց վեր հանել լրագրողական էթիկայի հարցն ու պարզաբանել ՑՈՒ ոլորտի մի շարք եզրույթներ:

Դասընթացի վերջին հատվածում մասնակիցներին գործնական առաջադրանք տրվեց, որի ընթացքում կիրառվեց Էդուարդ դը Բոնոյի «մտածողության 6 գլխարկներ» հաղորդակցավերլուծական մեթոդը:

Դասընթացի ավարտին մասնակիցները տեղեկացան նաև նախապես հայտարարված ՑՈՒ լրագրողական մրցույթի պայմանների մասին:

???????????????????????????????